Նորություններ

«Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպում. ներկայացվել է Հայաստանի ներդրումային ներուժը

06 փետ. 2018

Հայաստանի զարգացման հիմնադրամը Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում կազմակերպել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որին երկու երկրներից մասնակցել է շուրջ 35 գործարար։ Նրանց թվում են Հայաստանում գործունեություն ծավալող և նման հետաքրքրություն ունեցող շվեյցարացի ձեռներեցներ։ Բիզնես հանդիպման մասնակիցները հիմնականում ներկայացնում են դեղագործության, ՏՏ, ֆինանսական, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները։

Շփումները սկսվել են առավոտյան` B2B հանդիպումներով, որի շրջանակում ԻՏՁՄ անդամ՝ VOLO, Instigate, Synergy, Monitis, Esterox, X-Tech, Bitlis-Men, Granatus-Ventures, Altacode, SFL և այլ ՏՏ ընկերություններ ներկայացրել են իրենց նորարար և տեխնոլոգիական լուծումները: 

 

Գործարար առաքելության պաշտոնական մեկնարկը տրվել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, Շվեյցարիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ Մայք Բարոնյանի և ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մասնակցությամբ։

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպել ենք Դավոսում, որտեղ առաջնահերթ հարցերի շարքում քննարկել ենք գյուղատնտեսությունը, արդյունաբերական սարքավորումները և տնտեսական այլ ոլորտներ։ Առաջին անգամ 10 տարի առաջ էի Հայաստանում և, անշուշտ, կարող եմ արձանագրել այն տնտեսական շարժը, ազատականացումը, որ կա Հայաստանում»,— նշել է Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը։

«Մենք դիրքավորել ենք մեր երկիրը մի շարք արտոնյալ ռեժիմներում, ինչը մեր երկրին եզակի առավելություններ է տալիս և մենք հավատում ենք, որ դրանք շվեյցարական բիզնեսի համար նույնպես շատ հետաքրքիր կլինեն»,- նշել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Շվեյցարիայից եկած գործարարները հիմնականում ՏՏ, զբոսաշրջության և գինեգործության ոլորտներից են, նրանց հետ հանդիպելու և B2B քննարկումների են մասնակցում շուրջ 30 հայաստանցի գործարարներ։ Այդ երեք ոլորտներն այսօր առաջնային են»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

 

Դեպի uite.org