Նորություններ

ԴիջիԹեք 2017. Տեխնոլոգիական տոները մեկնարկում են 2 օրից

27 սեպ. 2017

Երկու օրից` սեպտեմբերի 29-ին, Մերգելյան ինստիտուտի տարածքում կմեկնարկի 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այս և ԴիջիԹեքի այլ նորությունների մասին այսօր խոսել են ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և հովանավոր՝ Արփինետ ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը:

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, ու անգամ դպրոցականների նորարար պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները: Կանցկացվի ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթ և այլն:

ԴիջիԹեքն այս տարի աննախադեպ կլինի միջազգային ընկերությունների և պատվիրակությունների մասնակցությամբ ու լայն աշխարհագրությամբ. Ճապոնիա (Հայ-ճապոնական ֆորում), Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Անգլիա, ՌԴ, Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվիա, Բելառուս, Ուկրաինա և այլն: Մասնակիցների և պատվավոր հյուրերի ամբողջական ցանկը ներկայացված է digitec.am կայքում:

ԴիջիԹեքի շրջանակում անցկացվում են մի շարք սեմինարներ, ինչպես տեղական առաջատար, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից (Joomag, Nextury Ventures- Ilja Laurs, Cananadian Showcase, UFAR, ARPA, Benivo-Dmitry Brodsky, Arnaud Belhamou և այլն): Օրակարգն՝ այստեղ:

Գործում է նաև DigiTec Expo բջջային հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել ԴիջիԹեքի բոլոր միջոցառումներում, ինչպես նաև գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, նշանակել հանդիպումներ և այլն:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարիների ընթացքում ԴիջիԹեքը վերածվել է նաև միջազգային խոշոր հարթակի: Ուրախ ենք, որ հայկական այս հարթակում հյուրընկալում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների ու պատվիրակությունների, և աջակցում տեխնոլոգիական նոր համագործակցությունների ստեղծմանը»:

«Այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց մասին Ucom ընկերությունը հայտարարել է նախորդ տարվա ԴիջիԹեքին, այս տարի արդեն հասանելի են զանգվածային շուկայի համար: Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները և այլն: Այս տարի Ucom-ը հանդես է գալիս հեղափոխական` «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ մեր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր», նշում է ԴիջիԹեքի պլատինե հովանավոր, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԹեք 2017-ի հովանավոր, Արփինետ ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը նշում է. «Դիջիթեք ներկայացվող, հայկական տեխնոլոգիական մտքի վերջին նվաճումները կապացուցեն բոլորին, որ ինովացիոն տնտեսության ստեղծման հեռանկարը շատ մոտ է, հարկավոր է միայն հավակնոտ լինել, հավատալ ուժերին, քայլ առ քայլ իրականացնել այն, ինչ թվում է դժվար, անիրականալի։ Ժամանակն է ոչ միայն խոսելու, այլև ցույց տալու այն տեխնոլոգիական լուծումները, որոնք հնարավոր են դարձնում թռիչքային զարգացումներ մի շարք շուկաներում։ Դրանց թվին ենք դասում նաև OTT թվային հեռուստատեսության և բովանդակության լուծումները, որ կներկայացնենք ԴիջիԹեքում»։

ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

ԴիջիԹեքը իրականացվում է 2005 թ.ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, հովանավորն է Արփինետ ընկերությունը,  պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը*: Այս տարի ակնկալվում է Ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

 

English

Դեպի uite.org