Նորություններ

IUNetworks-ը DigiTec 2017-ին կներկայացնի իր Business Intelligence լուծումները

26 սեպ. 2017

ԴիջիԹեք-2017-ի մասնակիցներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող IUNetworks ընկերությունը։ Այն հիմնադրվել է 2008 թվականին Հայաստանում և այսօր արդեն ունի մոտ 300 աշխատակից: Առաջարկելով ծրագրային ապահովման համալիր լուծումների մշակում, համակարգչային սարքավորումների մատակարարում և հանդիսանալով միջազգային ISO չափանիշներով սերտիֆիկացված կազմակերպություն` IUNetworks-ը օժանդակում է մասնավոր և պետական կառույցներին՝ զարգացնելու իրենց գործունեությունը և ապահովելու բարձր կատարողականություն:

IUNetworks  ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը նշում է, որ իրենք ծրագրային ապահովումներ են ստեղծում Հայաստանի պետական մարմինների համար՝ ավտոմատացնելով հարկային, մաքսային և պետական գնումների գործընթացները։ Ինչպես նաև Ucom ընկերության հետ համատեղ մշակվել են և զարգացում են ապրում հեռահաղորդակցության ոլորտի համար անհրաժեշտ լուծումներ։

Ընկերության ռազմավարական պլաններում միջազգային շուկա դուրս գալն է։ Այդ նպատակով արտասահմանյան գործընկերների հետ մշակվում են համագործակցության որոշակի մոդելներ, ընկերությունը ներկայումս ակտիվորեն մասնակցում է  նաև մի շարք միջազգային տենդերների։

Վահրամ Մերանգուլյանն ընդգծում է նաև, որ IUNetworks ընկերությունը փորձում է իր ներքին գործընթացները կատարելագործելով հանդես գալ որպես լավագույն գործատու, ընկերություն, որտեղ աշխատողները սիրով ու հետաքրքրությամբ կաշխատեն։ IUNetworks-ի ավանդույթներից է նաև աշխատել բուհերի և այն ուսանողների հետ, որոնք իրենց ապագան տեսնում են ՏՏ ոլորտում։ Նրանց համար կազմակերպվում են դասընթացներ, և լավագույններին ընդունում են աշխատանքի։

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին IUNetworks-ը ներկայացնելու է մասնավոր հատվածի համար ստեղծած իր լուծումները՝  Contact Center-ը, որը Call Center-ի  ավելի ժամանակակից տեսակն է։ Ներկայացվելու է digiQuill (ePen) լուծումը, որը թույլ է տալիս ստորագրությունը տեղափոխել էլեկտրոնային դաշտ, ինչը էականորեն պարզեցնում է հաճախորդ սպասարկելու գործառույթները։ Տվյալ գործիքը լայն տարածում կգտնի բանկերում, ապահովագրական ընկերություններում և մարդկանց սպասարկող այլ ոլորտներում։ Հանրությանը կցուցադրվի նաև նոր սերնդի IPTV և OTT լուծումները։

IUNetworks-ը բազմիցս մասնակցել է ԴիջիԹեք ցուցահանդեսին, և ինչպես նշում է Վահրամ Մերանգուլյանը, դա առիթ է ներկայանալ ոչ միայն հայկական շուկայում գործող ընկերություններին, այլև հարթակ՝ հանդիպել և ներկայացնել հայկական լուծումները արտասահմանյան գործընկերներին ։ Բացի այդ, ԴիջիԹեքին մասնակցությունն օգնում է հասկանալ, թե ինչ է կատարվում ՏՀՏ շուկայում, զարգացման ինչ միտումներ կան ընդհանուր առմամբ, ինչպես նաև՝ տեղում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, կապեր հաստատել՝ սկիզբ դնելով նոր բիզնես զարգացումներին։


 

Դեպի uite.org