Նորություններ

«Իրական դպրոցը» ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ

21 հուլ. 2017

«Իրական դպրոցը» հանրակրթական ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2017-2018 ուսումնական տարվա համար:

Ուսման տևողությունը չորս տարի է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ Ուսուցումն անվճար է։

Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում՝
• Ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտություններ:
• 19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, ով արդեն ունի կատարած նախագծեր և փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում:
• Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի ուսանողները նաև՝
• կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները,
• կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
• ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,
• կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
• կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
• կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում և ընտրած մասնագիտացման մեջ,
• կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։

Ուսումնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ` «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» արտոնագրով։ Մեկնարկը տրվել է դեռևս նախորդ տարի:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը: Ընդունելության պայմանների համար զանգահարել 374. 60.464700, ներքին՝ 1016 հեռախոսահամարով։

Մանրամասները՝ այստեղ:

 

Դեպի uite.org