Նորություններ

ԴիջիԹեքին Ucom-ը և PicsArt-ը խոսեցին Հայաստանում արհեստական բանականության զարգացման խիստ անհրաժեշտության մասին

12 հունս. 2017

Հունիսի 9-10 կայացած հոբելյանական՝ 10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում հայկական Ucom և PicsArt ընկերությունները կլոր-սեղան քննարկում նախաձեռնեցին «Արհեստական բանականության զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում» թեմայով։ Ծավալված զրույցի ընթացքում մասնակիցներն անդրադարձան համաշխարհային ամենաթրենդային թեմային այն տեսանկյունից, որ Հայաստանում արհեստական բանականության զարգացումը դեռևս սաղմնային վիճակում է։  Մտքեր հնչեցին, որ ոլորտի մասնագետներ նախապատրաստող ԲՈՒՀ-երում մեքենայական ուսուցմանը զուգընթաց անհրաժեշտ է անպայման հրավիրել այնպիսի մասնագետների, ովքեր ոչ միայն ունակ են տեսական գիտելիքներ փոխանցել, այլև նպաստել ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։

«Ucom-ի հետ համատեղ կիսվեցինք PicsArt-ի փորձով: PicsArt-ն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում արդեն մեծ փորձ է ձեռք բերել: Հանդիպման շրջանակում քննարկեցինք, թե ինչպես զարգացնել եւ Հայաստանը մրցունակ դարձնել այս ոլորտում, ինչպիսի կադրեր ապահովել եւ ինչ թրեյինգներ ու ուսուցողական միջոցառումներ իրականացել», - նշեց PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական եւ գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:

Կրթական բացն այս պահին յուրաքանչյուր ընկերություն իր ձևով է լրացնում։ Ucom-ը և PicsArt-ը համատեղ դասընթացներ են իրականացնում, որոնց ընդհանուր տևողությունը 5 ամիս է։ 600 հայտից ընտրված 30 մասնակիցները հիմնականում միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, գիտությունների թեկնածուներ են, ում բախտ է վիճակվել ուսանելու արտասահմանյան ԲՈՒՀ-երում կրթություն ստացած մասնագետների մոտ։ Վերջիններիս շարքում ընդգրկված են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտած մասնագետներ, Google ընկերությունում աշխատած անձինք, Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող ինժեներներ և այլն։ Ինտենսիվ դասընթացի ավարտին մնացել է 3 ամիս։

«Ucom-ում դեռ տարիներ առաջ ենք հասկացել, որ նորագույն տեխնոլոգիաների առաջխաղացման ու նորարարական պրոդուկտների ստեղծման համար մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, ում դեռ դպրոցական տարիքից սովորեցրել են մտածել և վերլուծել, ստեղծել ու կերտել, այլ ոչ սպառել։ Այդ նպատակով է, որ 5-րդ դասարանից սկսած մեծապես աջակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում սաների կրթական գործընթացին։ Ինժեներական մտածողությամբ երեխաներն են, որ ունակ կլինեն ընկալելու թվային դարաշրջանի մարտահրավերներն ու անդադար կրթվելու արդյունքում կդառնան այնպիսի մասնագետներ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են Ucom-ի և PicsArt-ի նման հայկական ընկերություններին», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Քննարկման ավարտին մասնակիցները դեռ շարունակում էին մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հնարավոր բիզնես նախագծերի շուրջ։

Դեպի uite.org