Նորություններ

ՏՏ համաշարհային ալյանսի նախագահն ու գլխավոր քարտուղարը Հայաստանում են

08 հունս. 2017

«ԴիջիԹեք բիզնես ֆորումն արդյունավետ հարթակ է, որտեղ հանդիպում են ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության ներկայացուցիչներն ու համագործակցության հիմքեր ստեղծում բիզնեսի առաջխաղացման համար: Միաժամանակ այս ֆորումի ընթացքում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց պոտենցիալն ու ստեղծած լուծումները», այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը նշեց, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներգրավված են որպես գործընկեր: «Մայքրոսոֆթ»  ընկերության կողմից ներկայացվող ծառայությունները հիմնված են ամպային տեխնոլոգիաների վրա, առաջարկելով բիզնեսին առավել  ճկուն և մատչելի ծառայություններ: Լ. Կորկոտյանը նաև հավելեց, որ ֆորումի շրջանակում ակնկալում են գտնել համագործակցության նոր հնարավորություններ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունիսի 9-10-ը  անցկացվող 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը ՏՀՏ ոլորտի թեմատիկ մի շարք քննարկումներից բացի, կունենա նաև 2019 թ-ին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված ներկայացումներ. կներկայացվի բրենդինգը ու ընդհանուր հայեցակարգը, որը մշակվել է ԻՏՁՄ-ի կողմից:

Այս առիթով հատուկ Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance - WITSA) նախագահ Իվոն Չիուն, նշեց. «ՏՏ համաշխարհային համաժողովը այս տարի կանցկացվի Թայվանում, 2018-ին՝ Հնդկաստանում, իսկ Հայաստանն այն կհյուրընկալի 2019-ին՝հոկտեմբերի 3-6-ը»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը շնորհավորեց ներկաներին, համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը ձեռք բերելու համար:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հավելեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման շրջանակում վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ համաշարհային  ՏՏ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Բացի այդ, հանդիպման ժամանակ նշվել է, որ  ասիական երկրներում ՏՏ զարգացումների մասին հետազոտություն է անկցացվում WITSA-ի կողմից, որը հիմք է հանդիսանալու համաժողովի պատշաճ կազմակերպման համար: WITSA  ներկայացուցիչները նշել են, որ հետազոտության արդյունքները կտրամադրեն նաև ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ WCIT-ը WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ-ից: Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում  մասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ  2015  թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: 2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ:

 

Նշենք, որ ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:

Դեպի uite.org