Նորություններ

«Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են ընթացիկ տարում

20 դեկ. 2016

Օրերս Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են ընթացիկ տարում: Երեխաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ: Նրանցից ոմանք մասնակցել են, իսկ շատերը դեռ պատրաստվում են մասնակցություն ունենալ Դիջիկոդ և «Բաց խաղ» առաջնություններին:

«Վերջերս հմտացել ենք եռաչափ տպիչի օգտագործման մեջ ու ծրագրային մոդելներից զատ նախապատրաստվում ենք ամանորին, տպում ենք խաղալիքներ, որոնցով և կզարդարենք մեր լաբորատորիան», - նշում է թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Աննա Գրիգորյանը:

«Այս շրջայցները մեզ հնարավորություն են ընձեռում հասկանալ, թե ինչ հմտություններ են ձեռք բերել “Արմաթ” լաբորատորիաների սաները և ինչպես են գործնականում կարողանում կիրառել այստեղ սերտած գիտելիքները: Տեսնելով ընդամենը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքը՝ մենք միայն հպարտանում ենք այս լաբորատորիաների սաներով», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Լաբորատորիայում անվճար հիմունքներով ծրագրավորում սովորելուց ու ինժեներական հմտություններ ձեռք բերելուց բացի շատերս կողմնորոշվում ենք մեր ապագա մասնագիտության ընտրության հարցում: Եթե մինչ խմբակ հաճախելը պատկերացում չունեինք ՏՏ ոլորտի բազմաթիվ հնարավորությունների վերաբերյալ, ապա հիմա շատ բան հստակ ուրվագծվել է», - պատմում է նույն լաբորատորիայի սան Թառումյան Լիլիթը:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Դեպի uite.org