Միջոցառումներ

Կայացավ 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

13 նոյ. 2017

Նոյեմբերի 10-ին և 11-ին «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո կայացել է 5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Երկօրյա Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից և մշտապես անցկացվում է Դիլիջանում: Այն հավակնում է դառնալ հայկական «Դավոս», որտեղ վեր են հանվում նորարար և տեխնոլոգիական հրատապ հիմնահարցեր:

Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում հայ և միջազգային փորձագետներն ինտերակտիվ վորկշոփերի միջոցով քննարկել են թվայնացման, գիտահետազոտական մշակույթի, նորարարության, մտավոր սեփականության, ՏՏ ավտանգության և տեխնոլոգիական կրթության հեռանկարներն ու խնդիրները և հանդես են եկել առաջարկություններով, որոնք կամփոփվեն ու կհրապարակվեն առաջիկայում:

Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումին մասնակցել են փորձագետներ Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, ԲեթՔոնսթրաքթ, Դ-Լինկ, GG, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, ՎՕԼՕ, Ինսթիգեյթ, Իքս-Թեք, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի, Կիբեր Գեյթս, Բրեվիս և այլ ընկերությունների ներկայացուցիչներ, թեք-լրագրողներ:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
 

English

Դեպի uite.org