Միջոցառումներ

ԴիջիԹեք 2017. Շուրջ 150 մասնակից ընկերություն ու 70 հազար այցելու

06 հոկ. 2017

Տարածաշրջանի ամենախոշոր ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի առանձնացավ միջազգային ընկերությունների ծանրակշիռ մասնակցությամբ. ԴիջիԹեքը մեկ վայրում էր համախմբել ոչ միայն Հայաստանի տեխնոլոգիական ու նորարար ընկերություններին, այլ նաև մի շարք օտարերկրյա ընկերությունների ու անհատների:

Հայաստանում ամենասպասված ԴիջիԹեք 2017 տեխնոլոգիական եռօրյա ցուցահանդեսը միավորել էր շուրջ 150 մասնակից ընկերությունների ու 70 հազար այցելուների: Ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի վերջին նորարություններն ու ոլորտի ձեռքբերումները, անց են կացվել սեմինարներ, գիտաժողովներ և այլն:

ԴիջիԹեք 2017-ի միջազգային պատվիրակությունները Հայաստան էին ժամանել Ճապոնիայից (Հայ-ճապոնական ֆորում, որն անցկացվել  է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ), Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Լիտվայից, ամբողջական ցանկն՝ այստեղ: Տեղական ընկերություններից էին Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, VMware, Monitis, ArmSoft, Instigate, Arloopa, Sevan Startup Summit, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և բազմաթիվ այլ ընկերություններ:

ԴիջիԹեքի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել, ապա ընկերությունների նորարար լուծումներին են ծանոթացել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, պետական, միջազգային և դիվանագիտական կառույցների մի շարք  ներկայացուցիչներ:

13-րդ ամենամյա ԴիջիԹեք են այցելել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչնեը ԴիջիԹեքի շրջանակում փակ հանդիպում են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել և պայմանավորվել ՏՏ և ռազմարդունաբերության ոլորտների երկարատև համագործակցության շուրջ:
ԴիջիԹեք ցուցահանդես են այցելել նաև դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը  և այլք:

Հավելենք, որ ԴիջիԹեք՝ B2B, B2C ֆորմատի տեխնոլոգիական ամենախոշոր ցուցահանդեսն իրականացվում է 2005 թ.ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, հովանավորն է Արփինետ ընկերությունը,  պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը*:

*«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»  ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

English

Դեպի uite.org