Դեմքեր

e-Works ընկերության ղեկավար - Խաչատուր Բադալյան

07 փետ. 2018

e-Works ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին ֆրանսիական ընկերության հետ համատեղ։ Մատուցում են վեբ և բջջային ծրագրավորման ծառայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն և այլն։ Նախագծեր են իրականացրել համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների համար՝ Bank BNP Paribas, Cartier, Schindler և այլն։

Մեր զրուցակիցն է e-Works ընկերության ղեկավար Խաչատուր Բադալյանը։

-Պարոն Բադալյան, երբ 2017-ին ստեղծվում էր e-Works-ը, բնականաբար, Ձեր առջև նպատակներ էիք դրել։ Ի՞նչ նպատակներ էին դրանք, և արդյոք հասե՞լ եք դրանց իրականացմանը։

-Եթե հետ նայենք, ապա կարող ենք ասել, որ որոշ նպատակներ իրականացրել ենք։ Երբ նոր-նոր էինք սկսում աշխատանքը, ունեինք ընդամենը երկու աշխատակից և մեկ-երկու նախագիծ։ Այս պահին e-Works-ը բավականին կայուն կազմակերպություն է՝ մոտ 20 աշխատակցով, ունենք մեծ ճանաչում Հայաստանում և կայուն գործընկերներ աշխարհի տարբեր անկյուններում։ Սակայն որոշ նպատակներ կան, որոնց դեռ պետք է հասնենք։ Նվաճումների սանդղակը միշտ բարձրացնում ենք և միշտ ձգտում ենք ավելիին, ու դա է մեզ մոտիվացնող գործոններից մեկը։ Վստահ եմ, որ մոտ ապագայում դեռ ավելի մեծ արդյունքների պետք է հասնենք։

-Ի դեպ, հետաքրքիր է՝ ի՞նչ մասնագիտություն ունեք և ինչպե՞ս եք մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

-Մասնագիտությունս կենսաբժշկական ճարտարագիտություն է։ Բայց սկսած ուսանողական տարիներից՝ սովորել եմ ծրագրավորում և սկսել եմ աշխատել ՏՏ ոլորտում, ինչը ինձ միշտ բավականություն է պատճառել։ Ծրագրավորումը դարձել է իմ երկրորդ մասնագիտությունը։

 

-Հայաստանում ընդհանուր մթնոլորտը, օրենսդրական դաշտը նպաստավո՞ր են ՏՏ ոլորտում գործունեություն ծավալելու համար։

- Ընդհանուր առմամբ դրական միջավայր է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը շատ ակտիվ է։ Վերջին տարիներին մեծ ու փոքր բազմաթիվ կազմակերպություններ են ստեղծվել։ Կան կառույցներ, ինչպես օրինակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE), որոնք բավականին մեծ ծավալի գործունեություն են իրականացնում թե' կրթության ոլորտում, թե' տարբեր միջոցառումների կազմակերպման առումով։ Կան միջազգային դրամաշնորհային ծրագրեր, որոնք նույնպես նպաստավոր ազդեցություն են թողնում։ Չեմ կարծում, թե օրենսդրական դաշտը լուրջ առավելություններ է ստեղծում ոլորտի ընկերությունների համար, կարելի է այդ ուղղությամբ ավելի շատ մտածել։ Սակայն անցած տասը տարիների ընթացքում առանձնապես մեծ խնդիրներ էլ չեմ նկատել։ Երբ շեշտադրում են, թե ՏՏ ոլորտը զարգանում է, պետք է նաև ավելի ու ավելի շատ նպաստել ոլորտի առաջխաղացմանը, որպեսզի զարգացումն ավելի արագ տեղի ունենա։

-Եթե համեմատենք, այսօր և տասը տարի առաջ ինչպիսի՞ն են աշխատանք սկսելու մեկնարկային պայմանները։

-Այսօր ավելի բարենպաստ պայմաններ են։ Նախ՝ եթե դիտարկենք աշխատաշուկայի առումով, ապա այժմ մասնագետների պահանջարկը մեծ է, կազմակերպությունները շատ են։ Ավելի հեշտ է մուտք գործել ՏՏ ոլորտ։ Նպաստավոր են պայմանները նաև սեփական բիզնես սկսելու համար։

- Տարիներ առաջ Հայաստանում ՏՏ ոլորտը հիմնականում զբաղված էր աութսորսով։ Հիմա կարծես թե ավելի շատ սեփական արտադրության ուղղությամբ են զարգանում։ Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է՝ հայաստանյան ՏՏ ոլորտն ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանա։

-Ձեր նշած երկու ուղղություններն էլ կարևոր են և պետք է զուգահեռ զարգանան։ Աութսորսինգի շնորհիվ կայուն ֆինանսական հոսքեր են ապահովվում, և եթե կարողանանք ավելի մեծ ծավալների ու բարձրորակ ծառայություններ մատուցել, ապա դա շատ հեռանկարային ուղղություն է։ Իսկ սեփական արտադրանքը շատ գայթակղիչ է բոլորի համար։ Մանավանդ ունենալով հաջողված օրինակներ՝ բոլորը ձգտում են դրան, իհարկե, քչերի մոտ է ստացվում մեծ արդյունքի հասնել, սակայն երբ հաջողում են, արդյունքը շատ տպավորիչ է թե՜ ֆինանսական, թե՜ համաշխարհային ճանաչման առումով։

-Ո՞րն է այն բանաձևը, որը կօգնի հայաստանյան ՏՏ-ին մոտ ապագայում գլոբալ խաղացող դառնալ:

-Կարծում եմ՝ Հայաստանը աշխարհի ՏՏ ոլորտում արդեն իսկ գլոբալ խաղացող է։ Պարզապես չպետք է մոռանանք, որ Հայաստանը բավականին փոքր երկիր է, և մարդկային ռեսուրսների քանակով չենք կարող մրցել, օրինակ, Հնդկաստանի կամ Արևելյան Եվրոպայի երկրների հետ։ Շեշտը պետք է դնենք բարձր որակի վրա։ Մենք դրական համբավ արդեն ունենք և պետք է շարունակենք աշխատանքները՝ լավագույն արդյունքներ ապահովելու համար։ Իհարկե, պետք է նաև մեծ ուշադրություն դարձնել կրթությանը։ Հաջողությանը նպաստելու գործոններից մեկը նաև կրթությունն է։ Փոքր տարիքից երեխաները պետք է սկսեն հետաքրքրվել, աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։ Շատ մեծ աշխատանքներ այսօր արվում են այդ ուղղությամբ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մասնագետներին, որ նոր-նոր են սկսել գործունեություն ծավալել ՏՀՏ ոլորտում։

-Խորհուրդ կտամ՝ նպատակներ սահմանեն, սովորեն, համառ աշխատեն, երբեք չհանձնվեն ու հաստատ կհասնեն իրենց նպատակներին։

 

Կարդացեք մեր նախորդ հարցազրույցը VMware ծրագրային բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ:

Դեպի uite.org