Դեմքեր

Խաչիկ Նազարյան – VMware ծրագրային բաժնի տնօրեն

07 դեկ. 2017

Աշխարհի ամենախոշոր, ամենահզոր ընկերություններից մեկը՝ VMware-ը, ՀՀ-ում է 2010-ից. որևէ պետական պաշտոնյա գիտի՞ այդ մասին

Խաչիկ Նազարյանը ղեկավարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամերիկյան VMware խոշորագույն ընկերության ինժեներական բաժիններից մեկը։ Ընկերության գլխամասը գտնվում է Միացյալ Նահանգներում, մասնաճյուղեր են գործում տարբեր երկրներում։ VMware-ը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ամբողջ աշխարհում ունի մոտ 20 հազար աշխատող, ավելի քան 45 միլիարդ դոլար շուկայական կապիտալ։ Ընկերությունը զբաղվում է ամպային տեխնոլոգիաներով, դրանց ավտոմատացմամբ, ղեկավարմամբ։ Մոտ երկու տարի Dell կորպորացիան VMware-ի 80 տոկոս բաժնետերն է։ VMware-ը Dell ընտանիքի մաս է կազմում։ Այս գիգանտի ինժեներական բաժինը գործում է Հայաստանում և կազմված է հայ մասնագետներից։

Խաչիկ Նազարյանի հետ զրուցում ենք ինչպես VMware-ի, այնպես էլ ՏՏ ոլորտի այլ հարցերի շուրջ։

-Պարոն Նազարյան, ինչո՞ւ որոշվեց Հայաստանում բացել VMware-ի մասնաճյուղ։

-2010 թվականին VMware-ը գնեց մի կազմակերպություն, որն ուներ մասնաճյուղ Հայաստանում։ Այն հայերի կողմից հիմնադրված ընկերություն էր՝ Ինտեգրիեն։ Թեև գլխամասն ԱՄՆ-ում էր, սակայն ամբողջ ինժեներական բաժինը Հայաստանում էր։ Հայաստանում 16 ինժեներներ էին աշխատում, բայց պրոդուկտը բավականին լուրջ հաճախորդներ ուներ արդեն։ Այն կարգի, որ VMware-ի ուշադրությանն արժանացավ, և գործարքը ավելի քան 100 միլիոն դոլար արժեցավ։ Այսպիսով` գնելով Ինտեգրիենը՝ VMware-ն ակամա հայտնվեց Հայաստանում։ Ընդ որում, գնելիս VMware-ի ներկայացուցիչները եկել են Հայաստան, ծանոթացել հայ մասնագետների աշխատանքին, և նրանց որոշման մեջ դա կարևոր մաս է կազմել։ Այդպես է VMware-ը դիրքավորվել Հայաստանում։

-Փաստորեն, հայ մասնագետները մրցունակ են։

-Իմ սուբյեկտիվ կարծիքով VMware-ի որոշումը՝ գնել Ինտեգրիենը, պայմանավորված էր նաև այդ հանգամանքով։

-Որքա՞ն աշխատող ունի VMware-ը Հայաստանում։

-Այսօր՝ մոտ 120։ Երբ գնել է ընկերությունը, աշխատողների թիվը, ինչպես նշեցի, 16 էր։ VMware-ում այսօր ինժեներական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են։ Օրինակ՝ փոքրիկ մի խումբ կա, որոնց մենք գիտնականներ ենք անվանում, նրանք լուրջ գիտական աշխատանքներ են տանում։

-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ զրուցելիս հաճախ հարցնում եմ, թե ՏՏ ոլորտի հետագա զարգացումները դեպի ո՞ւր են տանում, շատերը պատասխանում են՝ դեպի ամպային տեխնոլոգիաներ։ Ըստ Ձեզ՝ այդ զարգացումները ո՞ր ուղղությամբ են ընթանում։

-ՏՏ ոլորտի զարգացումները տարբեր ուղղությամբ են ընթանում։ Ի սկզբանե դրանք ստեղծված են մարդու կյանքը հեշտացնելու համար. վերցնել նրանից այն մասը, որ կարելի է ավտոմատ և ավելի արդյունավետ կատարել, քան մարդն է անում։ Գլոբալ առումով ՏՏ նպատակը դա է, և ի սկզբանե ընդունված այս ուղղությունը չի փոխվել։ Ամպային տեխնոլոգիաներն այդ ճանապարհներից մեկն են ընդամենը։ Դրանք հեշտացնում են ՏՏ զարգացումը։ Բուն ՏՏ-ի նպատակը չէ գնալ դեպի ամպային տեխնոլոգիաներ։ Որպեսզի այս ոլորտի զարգացումն ավելի արագ և արդյունավետ տեղի ունենա, պետք է, որ իր ռեսուրսները (պատկերավոր ասած՝ մետաղական ռեսուրսները՝ համակարգիչ, սերվեր և այլն) շատ ավելի ճկուն լինեն, հնարավոր լինի ավելի արագ ձեռք բերել, արագ տեղադրել, օգտագործել, փոխել և այլն։ Եվ ՏՏ ոլորտը գտել է իր զարգացման ուղին. որպեսզի ամեն ինչ շատ հեշտացվի, ներդրվում են ամպային տեխնոլոգիաները։ Ըստ էության, նույն ծրագրերից, որ կային համակարգչում, կարելի է օգտվել հեռախոսով, փոքրիկ պլանշետով։ Իսկ ընդհանրապես ՏՏ ոլորտի զարգացման ուղղություններից է օրինակ Internet of Things-ը. ցանկացած սարք, որ կապ ունի էլեկտրականության հետ (այդ թվում՝ արդուկը), և որևէ հնարավորություն կա մեջը միկրոսխեմա տեղադրելու, այդ գործիքների շնորհիվ կարող է միանալ գլոբալ ցանցին և հեռակառավարելի դառնալ, ավելի խելացի լինել։ Իհարկե, դա ամպային տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ուղղություն է։ Եթե չլինեին ամպային տեխնոլոգիաները, ապա դժվար կլիներ սկսել այդ գործընթացը։ Ամպային տեխնոլոգիաները զարգանում են, քանի որ պետք են ՏՏ ոլորտին։ Շատերը, ձեր այդ հարցին պատասխանելով, կասեն նաև՝ ՏՏ ոլորտի զարգացումները տանում դեպի արհեստական բանականություն, վիրտուալ իրականություն և այլն։ Բայց նույնիսկ դրանք ՏՏ-ի նպատակները չեն։ Դրանք նույնպես անհրաժեշտ են ՏՏ-ին։ Տեղեկատվական տեխոնոլոգիաների միակ նպատակն է հեշտացնել կյանքը, ավտոմատացնել, ավելի արդյունավետ դարձնել։

-Ինչպե՞ս կգնահատեք կադրերի պատրաստման հարցը. մեր կրթական համակարգն արդյոք ճկո՞ւն է, կարողանո՞ւմ ենք մրցունակ կադրեր պատրաստել։

-Դրական պատասխան դժվար է տալ այդ հարցին։ Միշտ էլ շատ դժվար է եղել լավ որակավորման մասնագետների գտնել։ Եթե հարցնեք, թե գլխավոր խնդիրը ո՞րն է, որ խոչընդոտում է մեր զարգացմանը, ես կպատասխանեի՝ կադրերի քանակն ու որակը։ Այստեղ իրավիճակն ավելի վատ է, քան մենք կուզեինք տեսնել։ Մյուս կողմից, լավ կադրերի կոնցենտրացիան ամեն դեպքում բավականին մրցակցային է։ Երևի թե շատ ուժեղ ժառանգություն ունենք, և այդ ալիքը դեռ պահպանվում է։

-ՏՏ ոլորտում շատ են ստեղծվում ստարտափներ, երիտասարդները նոր գաղափարներ են փնտրում, ծրագրեր են մշակում։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք փորձում են իրենց առաջին քայլերն անել ՏՏ ոլորտում։

-Ստարտափ բացելը շատ կարևոր է։ Ես ինքս էլ մի քանի ստարտափ եմ բացել։ Խորհուրդս է՝ չարտատպել որևէ բան, իրենցը պետք է ստեղծեն։ Գլոբալ շուկայում նորություն պետք է բերեն։

-Դրա համար գլոբալ մտածելակերպ պետք է ունենան։

-Այդ գլոբալները կծնվեն միայն այն դեպքում, երբ մեծ քանակ առաջանա, մեծ քանակ նույն արտատպողների, պատվեր կատարողների, մասնաճյուղների շրջանում։ Քանակը միայն կբերի դրան։ Որքան ՏՏ համայնքը մեծանում է, այնքան որակը բարձրանում է։ Մյուս կողմից նկատելի է, որ երբեմն էյֆորիայի մեջ են ընկնում ու կյանքն են նվիրում դրան։ Ամեն դեպքում առողջությունը, մարդկային կյանքն ավելի թանկ են։ Սա մասնագիտական խորհուրդ է։

-Ի դեպ, մի բան եմ նկատել։ ՏՏ ոլորտի ընկերություններն ու մասնագետները համախմբված են, երևի ոչ մի ճյուղ այդքան համախմբված չի։

-Համախմբված բառը պետք է շատ զգույշ օգտագործել։ Որովհետև այդ բառն ամենից շատն է նախանձ, խանդ առաջացնում։ Միանգամից ցանկանում են բաժանել։ ՏՏ-ն ազգային անվտանգության հարց է։ Երկրի զարգացման գաղտնիքներից մեկն այդտեղ է։ Շատ կարևոր է մեծ կորպորացիաների ներկայությունը Հայաստանում։ Մենք շատ լավ գիտենք, թե Սինոփսիսն ինչ դեր է ունեցել մեր համայնքի զարգացման հարցում։ Աշխարհում գոյություն ունեցող ամենախոշոր, ամենահզոր, ամենահայտնի ընկերություններից մեկը՝ VMware-ը, Հայաստանում է 2010 թվականից։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ որևէ պետական պաշտոնյա գիտի այդ մասին։ Գիտի, որ Dell կորպորացիան Հայաստանում ներկայացված է։  Այդ պետական պաշտոնյաներից շատերն ինձ անձամբ ճանաչում են, բայց որևէ պաշտոնյա չի այցելել մեզ, ցանկություն չի հայտնել տեսնել, թե ինչպես ենք աշխատում։ Մինչդեռ այնքան մեծ հնարավորություններ կան այդ աշխատանքներն ընդլայնելու։ Ո՞նց կարելի է չնկատել, որ ՏՏ ոլորտի գիգանտներից մեկը Հայաստանում է։ Սա ազգային անվտանգության հարց է, որը, չգիտես ինչու, անտեսվում է։

Դեպի uite.org