Դեմքեր

Վահրամ Մարտիրոսյան - Zangi ըկերության հիմնադիր

17 սեպ. 2017

Zangi-ն ՏՀՏ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է.

Հայկական արտադրության Zangi հավելվածն այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում։ Այն ստեղծվել է 2013 թվականին` հետագա տարիներին անընդհատ զարգանալով։ Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի հետ զրուցում ենք իրենց հաջողությունների, ՏՀՏ ոլորտի մասին։

-Պարոն Մարտիրոսյան, գործունեություն եք ծառավում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կրթություն ունեք, ՏՀՏ ոլորտի նկատմամբ Ձեր նախասիրությունը որտեղի՞ց է գալիս։

-Կրթությունս տեխնիկական է. ավարտել եմ պոլիտեխնիկը. բայց ոչ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, այլ տրանսպորտային համակարգերի բաժինը։ Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ, իմ կարծիքով այս մասնագիտությունը շատ մոտ է ՏՀՏ ոլորտին. մի դեպքում կառուցում ենք մաթեմատիկական մեխանիզմներ, մյուս դեպքում՝ մեխանիկական մեխանիզմներ։ Եվ մեխանիկական մեխանիզմ կառուցողը շատ հեշտորեն կարող է կառուցել նաև մաթեմատիկական մեխանիզմներ։

-Zangi-ն ՏՀՏ ոլորտում Ձեր առաջի՞ն նախաձեռնությունն էր։

-15-16 տարի առաջ բանակից զորացրվելուց հետո իմ առաջին ստարտափը խաղային ոլորտում էր. ստեղծեցի խաղեր, բացեցի ընկերություն։ Խաղերը շատ լավ հաջողություն ունեցան, սակայն բիզնես հաջողություն այն չբերեց զուտ փորձի պակասի պատճառով։ Այն ժամանակ այն միջավայրը, որ այսօր Հայաստանում ունենք (ԴիջիԹեք ցուցահանդես, ՏՏ ձևավորված համայնք, ստարտափների աջակցում և այլն), իսպառ բացակայում էր։ Թերևս դա էր պատճառը, որ 2000-ականների սկզբին հաջողություն չունեցանք։ Երկրորդ ընկերությունը, որ բացեցինք 2006-2007 թվականներին, ինտերակտիվ համակարգերով էր զբաղվում, և 2009-ին արդեն ունեցանք հաջողություն։ Ճիշտ է, փոքր, սակայն երբ նայում ենք էվոլյուցիոն քայլերը, այն ժամանակ բավականին արդյունավետ էր։ Եվ երրորդ ստարտափը Zangi-ն է, որի հաջողությունը մեծ է։

-Մի փոքր մանրամասնեք այդ հաջողության մասին։ Որքա՞ն օգտատեր ունի Zangi-ն…

-Մեզ միշտ հարցնում օգտատերերի թվի մասին, սակայն մեր գործունեության հիմնական ուղղությունը B2B-ն է։ Մենք տրամադրում ենք տեխնոլոգիաներ, կոմունիկացիոն ոլորտի պատրաստի պրոդուկտներ։ Այս ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն ենք։ 2017թ. փետրվարին Բարսելոնայում Zangi-ն ներկայացել է Mobile World Congress-ում։ Ընդ որում, առաջին հայկական ընկերությունն է, որ այնտեղ տաղավարով ներկայացավ։ Եվ Zangi-ի նկատմամբ ուղղակի ֆուրոր էր։ Մարդիկ նախ զարմացած էին, որ ընդհանրապես կա նման ընկերություն, զարմացած էին, որ Zangi-ն հայկական ընկերություն է, և Հայաստանում զրոյից կարելի է նման բարձր տեխնոլոգիաներ ստեղծել։ Պտարաստվում ենք ԴիջիԹեք ցուցահանդեսից անմիջապես հետո գնալ Դուբայ՝ մասնակցելու Մերձավոր Արևելքում և աշխարհում տելեկոմունկացիոն և տեխնոլոգիական ոլորտների ամենամեծ ցուցահանդեսներից մեկին, որտեղ նույնպես հանդես ենք գալու առանձին տաղավարով։ Եվ յուրաքանչյուր նման միջոցառմանը մասնակցելով՝ մենք կարողանում ենք նոր բիզնես հաճախորդներ ձեռք բերել։ Սա վկայում է այն մասին, որ մեր արտադրանքի պահանջարկը միջազգային շուկայում շատ մեծ է։ Մենք այսօր կանգնած ենք մեր ընկերության տարածքը, աշխատակիցների թիվը մեծացնելու խնդրի առաջ։

-Այսօր ինտերնետ կապը մրցակցության մեջ է բջջային կապի հետ։ Ընդ որում ինտերնետ կապը ավելի ու ավելի նախընտրելի է դառնում։ Դուք Ձեր գործունեության ընթացքում այդ զարգացումը նկատո՞ւմ եք։

-Նույնիսկ անզեն աչքով է դա ակնառու։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում տարեկան բջջային կապի օգտատերերի թվի մոտ 20 տոկոս անկում է գրանցվում։ Նրանք անցնում է մեսենջերային կապի, որն ավելի լավն է և՜ ձայնի որակով, և՜ հնարավորություններով։ Նախ՝ մեսենջերային կապն անվճար է, տարբեր տեսակի ֆայլերի փոխանցման, տեսակապի և այլ հնարավորություններ է տալիս, որոնք չեն մատուցում GSM օպերատորները։ Մրցակցային բոլոր պարամետրերով մեսենջերային կապը հաղթում է GSM օպերատորներին։ Միակ բանը, որով զիջում է մեսենջերային կապը, հասանելիության խնդիրն է։ Այստեղ պետք է նշեմ, որ մեր գերխնդիրն է, որպեսզի Zangi-ն աշխատի ամենուր։ Մենք ունենք տեխնոլոգիական լուրջ ինովացիաներ, որոնք օգնում են, որպեսզի կապի շատ ցածր մակարդակում անգամ Zangi-ով հասանելիություն ապահովվի։

-Որևէ գործում հաջողության հասնելու գրավականը ո՞րն է։

-Ամեն ինչ սկսում է աշխատասիրությունից։ Երկրորդ՝ պետք է ունենաս ամբիցիաներ, և երրորդ՝ տաղանդ։

-21-րդ դարում բոլորը նորարարություններ են ցանկանում տեսնել։ Ձեր ընկերությունը առաջիկայում ի՞նչ նորություններ կարող է պարգևել հանրությանը։

-Մենք ունենք մեր ռազմավարությունը, ճանապարհային քարտեզը։ Ներկա տեմպերով ընթանալու դեպքում մեր նպատակն է դառնալ համաշխարհային ճանաչելի բրենդ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ 2-3 տարի հետո Zangi-ն կլինի ճանաչելի աշխարհի ցանկացած կետում։

ՀԳ. Հավելենք, որ ՀՀ Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Zangi-ի հիմնադիր Վահրամ  Մարտիրոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

 

Դեպի uite.org