Դեմքեր

Գագիկ Գյուլբուդաղյան - Գրանթ Թորնթոն ՓԲԸ տնօրեն

10 ապր. 2017

Գագիկ Գյուլբուդաղյան. «Ֆինանսական ծառայություններն այն ոլորտն է, որտեղ պետք է առավել կարևորել նորագույն տեխնոլոգիաների կիրառումը»

Տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն լուծումները կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում, ֆինանսական շուկայում, ինչը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը։ ՏՏ և աուդիտի ոլորտների համագործակցության մասին զրուցում ենք Գրանթ Թորնթոն ՓԲԸ տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանի հետ։

-Պարոն Գյուլբուդաղյան, աուդիտի ոլորտը հայաստանյան տնտեսության համեմատաբար երիտասարդ ճյուղերից մեկն է։ Ձեր ընկերությունը երկար տարիներ գործունեություն է ծավալում Հայաստանի աուդիտորական ոլորտում։ Ինչպե՞ս կբնութագրեք զարգացումները այս բնագավառում։

-Աուդիտի ոլորտը Հայաստանում 20 տարեկան է, և, իհարկե, այն շատ առումներով մեծ զարգացում է ապրել, սակայն գիտակցում ենք նաև, որ այդ զարգացման ճանապարհին դեռևս անելիքներ կան: Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն Հայաստանում հաստատվել է ոլորտի ձևավորման առաջին իսկ օրերից և այս ժամանակահատվածում ականատես է եղել ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին: Այսօր արդեն կարելի է ասել, որ գործարարները սկսել են գնահատել աուդիտի դերն ու նշանակությունը: Վերջերս տեղի են ունենում քննարկումներ ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ըստ որի նախատեսվում է վերականգնել պարտադիր աուդիտի պահանջը խոշոր կազմակերպությունների համար: Ցանկանում եմ նշել, որ դրական եմ գնահատում այդ փոփոխությունները, քանի որ աուդիտը ֆինանսական վերահսկողության ձևերից մեկն է, որը հնարավորություն է տալիս գնահատել խոշոր ընկերությունների գործունեության թափանցիկությունը: Վստահ եմ, որ այս փոփոխությունները կնպաստեն խոշոր կազմակերպությունների գործունեության թափանցիկության մեծացմանը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի համատեքստում:

-Գրանթ Թորնթոն ընկերությունը վերջերս անդամակցել է ԻՏՁՄ-ին։ Ի՞նչ գործունեություն եք ծավալելու միությունում, ինչպե՞ս եք համագործակցելու ՏՏ ոլորտի ընկերությունների հետ։

-Մեր գործունեության ընթացքում համագործակցել ենք ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ, ինչի շնորհիվ ձեռք ենք բերել յուրահատուկ իմացություն տվյալ բնագավառում և ըմբռնում ենք ոլորտի առաջնային խնդիրները: Կարծում եմ, որ ԻՏՁՄ-ին անդամակցելով՝ մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետ կերպով համագործակցել ՏՏ ասպարեզում գործող ընկերությունների հետ՝ մեր մասնագիտական գիտելիքները և փորձառությունն ուղղելով ոլորտի օրենսդրական դաշտի, ինչպես նաև հարկային համակարգի բարելավմանը: Գրանթ Թորնթոնը մատուցում է ծառայություններ որոնք կարող են օգտակար լինել թե՛ ՏՏ ոլորտի կայացած ընկերությունների և թե՛ նոր ձևավորման փուլում գտնվող ընկերությունների համար:

-Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը բիզնեսում, տնտեսության այլ ոլորտներում։

-ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսության ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից է, առանց որի այսօր դժվար է պատկերացնել բիզնեսի որևիցե ճյուղ: Օրեցօր առավել կարևորվում է բարձր տեխնոլոգիաների կիրառումը յուրաքանչյուր ոլորտում: Գործարարները հետզհետե ավելի են կարևորում ՏՏ-ի դերը, քանի որ վերջինիս կիրառումն ավելի հարմարավետ և պրակտիկ է դարձնում թե՜ առօրյան և թե՜ աշխատանքային պրոցեսը: Վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաներն առաջընթացի և հաջողության գրավական են, այդ իսկ պատճառով կարևորում եմ ոլորտի զարգացման համար ներդրումների իրականացումը:

-Գրանթ Թորնթոնը որքանո՞վ է կարևորում և իր գործունեության մեջ կիրառում նորագույն տեխնոլոգիաները։

-Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն մատուցում է տեղեկատվական անվտանգությանը և ՏՏ կառավարմանը առնչվող տարբեր ծառայություններ, ինչպիսիք են` ՏՏ աուդիտ, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման և վկայագրման  ծառայություններ ըստ ISO ստանդարտի, խոցելիության գնահատում, ներխուժումներից պաշտպանվածության փորձարկումներ (pen test) և այլն: Ի դեպ, նշեմ, որ Գրանթ Թորնթոնն առաջին հայկական ընկերությունն է, որը վճարային քարտերի շուկայի Անվտանգության ստանդարտների խորհրդի (PSI Security Standarts Council) կողմից հավաստագրվել է որպես Անվտանգության որակավորված գնահատող (QSA) և իրականացնում է վճարային քարտերի քարտապանների տվյալների անվտանգության կառավարման համակարգի աուդիտ (PCI DSS):
Հավելեմ, որ գիտակցելով ՏՏ անվտանգության ապահովման կարևորությունը, ինչպես նաև պատասխանատվություն կրելով մեր հաճախորդների տվյալների անվտանգության պահպանման համար՝ մենք ևս մեր ընկերությունում կիրառում ենք ամենաժամանակակից տեխնիկական և ծրագրային ապահովումները: 
Ֆինանսական ծառայությունների ոլորտը այն ոլորտներից է, որտեղ պետք է առավել կարևորել նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, և կարծում եմ՝ կառավարության և գործարարների ուշադրությունը ՏՏ ոլորտի արդիականության, կենսունակության և պաշտպանվածության ապահովման ուղղությամբ պետք է շարունակական լինի, քանի որ վերջինս կարող է ուշագրավ տեմպերով առաջ տանել մեր երկրի տնտեսությունը:

Դեպի uite.org