Դեմքեր

Գևորգ Սաֆարյան - LimeTech ընկերության և Earlyone ստարտափի հիմնադիր

04 փետ. 2017

«Լայմտեխ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Այն մասնագիտացած է սպասարկման որակը բարելավող լուծումներ ստեղծելով։ «Լայմտեխի»` հայաստանյան շուկայում տարածում ստացած հիմնական լուծումը հերթերի կառավարման համակարգերն են։ Մեր զրուցակիցն է «Լայմտեխ» ընկերության և Earlyone ստարտափի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։

-Պարոն Սաֆարյան, Հայաստանում ստեղծվել է Earlyone հավելվածը, որը հաջողություններ է գրանցում։ Կներկայացնե՞ք Earlyone-ը։

-«Լայմտեխի» փորձի վրա մենք հասկացել ենք, որ կարելի է ստեղծել բոլորովին նոր լուծում, որը ոչ միայն կկառավարի հերթերը, այլև կվերացնի հերթերում ժամանակի կորուստը։ Այսպիսով՝ ստեղծվեց Earlyone բջջային հավելվածը, որը նպատակ ունի վերացնել հերթերում սպասելու անհրաժեշտությունը: Այս անվճար հավելվածը ցանկացած վայրում՝ բանկում, բջջային օպերատորների և այլ սպասարկման կենտրոններում, թույլ է տալիս հերթագրվել նախապես և սպասարկվել առանց հերթում սպասելու: Կարևորագույն ֆունկցիոնալությունն այն է, որ եթե կտրոնը վերցվում է ծանրաբեռնված ժամին, համակարգը հաղորդագրությամբ հայտնում է օգտատիրոջը, թե որ ժամին կարելի է մոտենալ՝ առանց հերթ սպասարկվելու համար։ Earlyone բջջային հավելվածը կարելի է ներբեռնել անվճար Android և iOS համակարգերի համար:

-Հերթերի կառավարման համակարգերը որքանո՞վ են արդյունավետ աշխատում շուկայում, և ի՞նչ կազմակերպություններ են այդ լուծումներն օգտագործում։

-Արդյունավետության մասին խոսում է հերթերի կառավարման համակարգից օգտվող կազմակերպությունների թիվը՝ ավելի քան 10 բանկեր, բոլոր բջջային օպերատորները, պետական հաստատությունները՝ կադաստրի պետական կոմիտե, պետական ռեգիստր, հարկադիր կատարման ծառայություն և այլն։

-Կարելի է ասել, որ հայ ծրագրավորողները հաջողությամբ ստեղծում են անհրաժեշտ պրոդուկտները։ Այս համատեքստում մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ նրանցից ակնկալում է աշխարհը շուռ տվող ծրագրեր։ Դուք ունե՞ք նման առաջարկ։

-Դա քաղաքական գործչի խոսք է։ Պետք է հասկանալ՝ ինչ է նշանակում աշխարհը շրջող ծրագիր։ Մի բան գիտեմ՝ այն, ինչ մենք անում ենք, կարող է միլիոնավոր, միլիարդավոր մարդկանց օգուտ տալ։ Եվ եթե մեր այդ ծրագիրն աշխարհը շրջող է, ապա, այո, մենք կարող ենք դա անել, աշխարհում վերացնել մարդկանց՝ հերթերում կորցրած ժամանակը։ Եվ այդ ժամանակը կարող է օգտագործվել ավելի օգտակար արժեքներ ստեղծելու համար։

-Earlyone-ը Eurasia Mobile Challenge-ի տարածաշրջանային եզրափակիչ փուլում արժանացել է երկրորդ մրցանակի։

-Eurasia Mobile Challenge-ը երկրորդ տարին է անցկացվում «ՎիմպելԿոմ» և «Բիլայն» ընկերությունների կողմից։ Մասնակցում են ութ երկրի ներկայացուցիչներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Ուզբեկստան և այլն։ Այդ երկրներից ընդհանուր առմամբ դիմել էր 1000 ընկերություն։ Տարածաշրջանային եզրափակչից հետո Եվրասիան կներկայացնենք Բարսելոնայում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում։ Mobile World Challenge-ը ՏՏ ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, և սա մեծ նվաճում է։

-Փաստորեն, սա ևս մեկ ապացույց, որ մեր ՏՏ ընկերությունները, լուծումները մրցունակ են աշխարհում։

-Մենք այնպիսի լուծում ենք ստեղծել, որը փորձում ենք տարածել ամբողջ աշխարհով, այն մրցունակ  է և ֆունկցիոնալ։ Իսկ բջջային Earlyone հավելվածը որպես պլատֆորմ, որտեղ կարելի է հերթագրվել և ամրագրել տեղը, աշխարհում եզակի է։

-Պարոն Սաֆարյան, հայաստանյան ՏՏ ոլորտն ինչպե՞ս կբնութագրեք։

-Հայաստանյան ՏՏ ոլորտը շատ մեծ ներուժ ունի, այնքան մեծ, որ կարող է ամբողջությամբ շրջել Հայաստանի վեկտորը դեպի արագ զարգացում և բարեկեցիկ կյանք։ Այսօր արդեն իսկ ունենք շատ տաղանդավոր մասնագետներ, հաջողակ ընկերություններ, որոնք մեծ արժեք են ստեղծում մեր երկրի և աշխարհի համար։ Բացի այդ, ՏՏ ոլորտը Հայաստանում համախմբված և միասնական է։ Համախմբվածությունն օգնում է ազդել միջավայրի ձևավորման վրա, ինչն էլ իր հերթին օգնում է ՏՏ ընկերությունների աճին։

-ՏՏ ոլորտը կենտրոնացած է հիմնականում Երևանում, մինչդեռ մարզերում ունենք շատ շնորհալի երիտասարդներ։ Դուք ի՞նչ եք անում՝ այդ ներուժը բացահայտելու համար։

-Մենք Գյումրիում ունենք գրասենյակ, որտեղ կա չորս աշխատակից։ Նրանց հետ աշխատանքներ ենք տարել, և այսօր նրանք բարձրակարգ մասնագետներ են։ Շատ տաղանդավոր երիտասարդներ կան մարզերում, և մեր նոր լուծումը տարածելուց, զարգացնելուց հետո պատրաստվում ենք այլ քաղաքներում նույնպես ունենալ աշխատակիցներ։

-Դուք վաղուց գործում եք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մասնագետներին՝ ի՞նչ է անհրաժեշտ դժվարությունները հաղթահարելու, կայանալու համար։

-Խորհուրդ կտամ չվախենալ քայլեր կատարել՝ հիմնել ընկերություններ, ստեղծել նախագծեր։ Անպայման շփվել ավագ սերնդի փորձառու մարդկանց հետ, չամաչել և մոտենալ նրանց, հարցնել և ստանալ խորհուրդներ՝ սեփական բիզնեսն արագ կառուցելու համար։ Իսկ այդպիսի մարդիկ շատ կան, ովքեր բաց են, պատրաստ են իրենց փորձը ներկայացնել, օգնել երիտասարդներին ստեղծել լավ արժեքներ։

-Իսկ հաջողության գրավականը ո՞րն է։

-Լավ թիմը, բարձր արժեհամակարգը և հետևողական աշխատանքը։ 
 

Դեպի uite.org