Դեմքեր

Արտավազդ Սոխիկյան - Seven Smarts և Localz ընկերությունների տնօրեն

31 հոկ. 2016

Արտավազդ Սոխիկյանը Seven Smarts և Localz ընկերությունների տնօրենն է։  Seven Smarts ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Հիմնականում զաբաղվում է բիզնես պրոցեսներ ավտոմատացնող ծրագրերի մշակմամբ։ Միացյալ Նահանգների գործընկերների հետ մշակել են հիվանդանոցների կառավարման համակարգ օրթոդոնտիկ կլինիկաների ցանցի համար։ Մշակել են առցանց թրեյնինգների, CRM համակարգեր և այլն։

Իսկ Localz-ը հիմնադրվել է 2015-ին։ Արտավազդ Սոխիկյանը նշում է, որ երբ Localz-ի գաղափարն առաջացավ, մասնակցեցին և հաղթեցին մի շարք մրցույթներում, տարբեր դրամաշնորհային ծրագրերում, միջոցառումներում, որոնցից վերջինը Բրազիլիայում հոկտեմբերին ՏՏ համաշխարհային համաժողովում ստացած WITSA Emerging Digital Solutions մրցանակն էր։ Ի դեպ, ՏՏ համաշխարհային համաժողովում 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական ընկերություններ՝ Localz-ը և Sinergy-ն։

Արտավազդ Սոխիկյանի հետ զրուցում ենք Localz-ի և ՏՏ ոլորտի շատ խնդիրների մասին։

-Արտավազդ, ներկայացրեք, խնդրեմ, Localz-ը։

-Localz-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս զբասաշրջիկին կապի մեջ մտնել զբոսավարի կամ այլ մարդկանց հետ, ովքեր ուզում են ծառայություններ մատուցել զբոսաշրջիկին։ Տեսակով այն մարկետ փլեյս է։ Localz-ը գործում է Հայաստանում և Վրաստանում։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախատեսվում է մուտք գործել ավելի քան 10 երկիր, այդ թվում՝ եվրոպական լուրջ զբոսաշրջային ուղղություններ։ Համակարգն աշխատում է մայիսից է որպես վեբ կայք։ Հուլիս-օգոստոսին թողարկվել են Android, iOS, Windows Phone համակարգերով հավելվածները։ Շատ կարճ ժամանակում ավելի քան 50 տուր ենք իրականացրել Հայաստանում և Վրաստանում, ինչը մեզ վստահություն է տալիս, որ կարող ենք եվրոպական կամ ավելի մեծ շուկաներում տեղ գրավել։

-Շուկայում կան նման ծրագրեր։ Ինչպե՞ս եք մրցակցելու համանման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։

-Առկա համակարգերից ամենամեծը, թերևս, Viator-ն է, որին TripAdvisor-ը 2014թ. 200 միլիոն դոլարով գնեց։ Մենք մյուսներից տարբերվում ենք նրանով, որ ոչ թե թույլ ենք տալիս, որպեսզի զբոսավարներն առաջարկներով հանդես գան, այլ առաջնային ենք դարձնում զբոսաշրջիկի ցանկությունը։ Զբոսաշրջիկը նշում է իր առաջնահերթությունները, որոնց արդեն արձագանքում են զբոսավարները և տալիս գնային առաջարկ։ Մենք փորձել ենք իրական կյանքում առկա մոդելը բերել առցանց հարթակ։ Մյուս հարթակներում բավականին դժվար է ընտրություն կատարելը։ Օրինակ, նույն Viator-ում Էյֆելյան աշտարակի ավելի քան 70 տուր կա, սակայն ընտրություն կատարելու դեպքում կարող է պարզվել, որ զբոսավարը քո նախընտրած օրը զբաղված է, և դու նորից պետք է շարունակես փնտրտուքը։ Localz-ը հակառակ տարբերակն է առաջարկում՝ զբոսավարներն իրենք են արձագանքում քո ներկայացրած պահանջներին, այսպիսով՝ բավականին հեշտացնելով ընտրությունը։

-Ինչպե՞ս են տուրիստները կամ զբոսավարները տեղեկանալու ձեր պրոդուկտի մասին։

-Վրաստանում ավելի քան 50 զբոսավարի հետ ենք համագործակցում և ծախսել ենք ընդամենը 45 դոլար։ Սոցիալական ցանցերում շատ են մասնագիտացված խմբերը, և գովազդն այնտեղ բավականին արդյունավետ աշխատում է զբոսավարների մասով։ Դժվարություններն ավելի շատ զբոսաշրջիկներին ներգրավելու հետ են կապված։ Այս պահին առցանց գովազդի միջոցով ենք փորձում աշխատել։ Մեր նպատակն է հաստատվել մեծ շուկաներում, հատկապես՝ եվրոպական։ Մեր թիրախում են նաև զարգացող երկրները։

-Հետաքրքիր է՝ ի՞նչ կրթություն ունեք։

-Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։

-Եվ Ձեր ստացած կրթությունը համալսարանում բավարա՞ր էր, որպեսզի անմիջապես անցնեիք աշխատանքի։

-Իրականում որպես ծրագրավորող սկսել եմ աշխատել 17 տարեկանից, երբ 2-րդ կուրսի ուսանող էի։ Շատ լավ կրթություն եմ ստացել ֆիզմաթ դպրոցում։ Դպրոցն ու բուհն ինձ սովորեցրել են մի բան՝ ինչպես սովորել, ինչպես գտնել խնդրի լուծման ձևերը, ինչը շատ ավելի կարևոր է, քան այն գիտելիքը, որ ստանում էինք։

-Իսկ այսօր աշխատողներ ընտրելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։

-Մեզ մոտ մի քիչ ավելի յուրահատուկ մոտեցում ենք ցուցաբերում։ Շեշտը դնում ենք մարդու անձնական որակների և սովորելու կարողության վրա։ Այս պահին Հայաստանում ծրագրավորողների մեծ պահանջարկ կա։ Եվ եթե մենք առաջնորդվենք այն մեթոդներով, որ աշխատում են շատ ավելի մեծ ընկերություններ, մեզ համար դժվար կլինի։ Մենք մասնագետներին փորձում ենք օգնել շատ արագ աճել։ Այդ ընթացքում շատերն արագ կայանում են, մի մասը շարունակում է աշխատել մեզ մոտ, մյուս մասը գնում է այլ ընկերություններ։ 2015-ին Գյումրիում բացել ենք մասնաճյուղ, իրականացրել փորձնական ծրագիր, և մոտ 2 ամիս սկսնակ ծրագրավորողների հետ օրական 8 ժամ պարապել ենք, որից հետո նրանք անցել են աշխատանքի։

-Գյումրիում մասնաճյուղ բացելն ի՞նչ նպատակ ուներ։

-Գյումրին մեծ ներուժ ունի։ Այստեղ տաղանդավոր մարդկանց պակաս չկա։ Գյումրիում կա շատ լավ ձևավորված ենթակառուցվածք։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շրջայց կատարելուց հետո հաստատապես որոշեցինք այնտեղ մասնաճյուղ բացել։ Իրականում Localz-ի աշխատանքների մեծ մասը տարվել է Գյումրիում։ Առաջիկայում նույնպես այնտեղ կսկսենք նոր թիմ հավաքել, տեսնենք՝ ինչ կստացվի։

-Localz-ը ստարտափ է։ Նորաստեղծ ընկերությունների համար Հայաստանում պայմաններն ինչպիսի՞ն են։

-ՀՀ նոր օրենսդրությունը բավականին գրավիչ է դարձնում ստարտափների աշխատանքը։ Աշխատողների եկամտահարկն է իջնում, շահութահարկը ժամանակավորապես վերանում է, ինչը բավարար է նորաստեղծ ընկերության կայացման համար։ Լավ կլիներ, որպեսզի պետական հիմնադրամներ լինեին, որոնք կօգնեին նոր հիմնադրված ընկերություններին։ Բայց այս պահին երևի թե ամենամեծ խնդիրը, որ առկա է ստարտ ափներում, ֆինանսների բացակայությունն է։ Պետք է ներդրվի, այսպես կոչված, «բիզնեսի հրեշտակների» (Angel Investor) համակարգը, որը կաջակցի նորաստեղծ ընկերություններին սկզբնական շրջանում։ Բացի այդ, շատ մեծ խնդիր է նաև հաջողված պատմությունների՝ success story-ների պակասը։ Ճիշտ է, ունենք Պիկս արթի, Ջումագի,  Տրիադա ստուդիո և այլ օրինակներ, սակայն բոլորիս նպատակն ու ցանկությունն է, որպեսզի նման կազմակերպույթուններն ավելի շատ լինեն։ Իսկ երբ նման կազմակերպությունների թիվն ավելանում է, կարող ես գնալ, խորհուրդներ ստանալ։

-Դուք նշեցիք կազմակերպությունների անուններ՝ Պիկս արթ, Ջումագ, Տրիադա ստուդիո, որոնք մեծ հաջողությունների են հասել։ Ըստ Ձեզ՝ այդ հաջողությունների գրավականը ո՞րն է։

-Շատ ու գրագետ աշխատանքը։ Մենք Հայաստանում ենք ապրում և ունենք շատ լավ հնարավորություններ։ Եթե Localz-ի նման ստարտ ափը հիմնեինք ԱՄՆ-ում, բավականին թանկ նախագիծ կստացվեր, աշխատանքի ինքնարժեքը շատ մեծ կլիներ։ Հայաստանում ստարտ ափ կարել է հիմնել 4-5 անգամ էժան գներով։ Հայաստանը, հեռու լինելով ԱՄՆ-ից, սիլիկոնյան հովտից, բավականին լավ հնարավորություններ ու առավելություններ է տալիս։ Պարզապես պետք է կարողանանք դա ճիշտ օգտագործել։ Մենք լավ պլատֆորմ ունենք, նշածս ընկերությունները Հայաստանը դնում են տեխնոլոգիական քարտեզի վրա որպես տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում տրանսֆորմացվում է։ Եթե նախկինում Հայաստանում ՏՏ գրեթե բոլոր կազմակերպությունները զբաղվում էին աութսորսինգով, օգնում էինք տարբեր կազմակերպությունների, որպեսզի իրենց պրոդուկտները ստեղծեն, ապա վերջին երկու տարիների ընթացքում շեշտը դրվում է պրոդուկտ արտադրելու վրա։

 

Դեպի uite.org