Դեմքեր

Արամ Եդիգարյան - «Աստրոմափս» ընկերություն

23 հունս. 2016

Հայկական «Աստրոմափս» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերությունում աշխատում են հարուստ աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ, որոնք տիրապետում են նախագծման ժամանակակից մեթոդներին և գործիքներին:

Ընկերությունն իրականացնում է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ այդ թվում.
• Կարևոր օբյեկտների պահպանման օպտիկա-էլեկտրոնային տեսահսկման համակարգերի նախագծում և պատրաստում
• Ուղղաթիռների, ինքնաթիռների և տիեզերանավերի համար նախատեսված օպտիկաէլեկտրոնային սարքավորումների, այդ թվում ժամանակակից փոքր արբանյակների կողմնորոշման համակարգերի բարձր ճշտության տպիչների նախագծում և պատրաստում
• Տարբեր կիրառության գիրոկայունացված հարթակների նախագծում և պատրաստում
• Տարբեր նշանակության մեծ չափերի փուլավորված անտեննային ցանցերի անտեննա-պտտական համակարգերի նախագծում
• Հաստատուն և փոփոխական հոսանքի սերվոշարժաբերների հիման վրա աշխատող բարձր ճշտության ավտոմատ ղեկավարման համակարգերի նախագծում
• Լազերների համար նախատեսված բարձր արդյունավետության 400-4000 Վտ հզորության հոսանքի աղբյուրների նախագծում և պատրաստում
• Հզոր քսենոնային լամպերի սնման աղբյուրների նախագծում և պատրաստում։ 

Մեր զրուցակիցն է «Աստրոմափս» ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանը։

-Ձեր ընկերությունը նախագծում է հատուկ սարքեր, այդ թվում ռազմական արդյունաբերության մեծ կիրառվող։ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցո՞ւմ եք։
-Այո՜, պաշտպանության նախարարության հետ համագործակցում ենք, արդեն մոտ 5 տարի։ ՊՆ հետ այս պահին զբաղվում ենք ուղղաթիռների արդիականացմամբ, հնարավորությունների բարձրացմամբ։

-Պարոն Եդիգարյան, եթե օբյեկտիվորեն դիտարկենք մեր արդյունաբերության, գիտության վիճակը, կրթության մակարդակը, մեր երկրում ռազմարդյունաբերությունը լրջորեն զարգացնել հնարավո՞ր է։
-Հնարավոր բառը մի քիչ լայն իմաստ ունի։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ես կարող եմ ասել, որ գիտելիքի, ինտելեկտի առումով բավարար ներուժ ունենք։ Չեմ կարող ասել, թե որքան գումար ունենք Հայաստանում, որ կարելի է տրամադրել ռազմարդյունաբերությանը։ Եթե գումար լինի, մարդիկ կան, ինչ-որ քայլերից կարելի է սկսել։ Ամենամեծ խնդիրը տեխնոլոգիաների բացակայությունն է։ Մի բան որ նախագծում ես, իրագործելը, ֆիզիկապես ստանալը շատ դժվար է։ Տեխնոլոգիաները շատ առաջ են գնացել, հին հաստոցներով դրանց հետևից չես կարող հասնել։ Այդտեղ էլ են առաջնահերթ ներդրումներ պետք, ոչ միայն գիտության կամ նախագծման մեջ։ Իհարկե, հնարավոր է ռազմարդյունաբերությունը զարգացնել, բայց շատ դժվար է։ Այսօր եթե առաջին քայլն անենք, վաղն արդեն երկրորդը կկարողանանք կատարել։

-Իսկ այդ առաջին քայլն անելու փորձեր արվո՞ւմ են։
-Ես իմ ընկերության մակարդակով կարող եմ ասել, որ ինչ կարողանում եմ, ինչին բավականացնում են իմ տնտեսած, նույնիսկ չտնտեսած գումարները, անում եմ։ Ունեմ պատրաստի նախագծեր, և հնարավորության դեպքում կարող են սկսել արտադրել։ Անկախ ամեն ինչից, ես սիրում եմ իմ գործը, դրա համար էլ անում եմ։

-Ժամանակին ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանը լավ ավանդույթներ ուներ։
-Ժամանակին իմ մայրն աշխատել է ռազմարդյունաբերության ոլորտում։ Մենք շատ առաջ ենք եղել խորհրդային հանրապետությունների թվում։ Բազմաթիվ սարքեր, սարքավորումներ են նախագծվել, արտադրվել, օրբիտա են բարձրացել, աշխատել են։ Այդ ոլորտի մասնագետների մի մասը հիմա մեր ձեռնարկությունում է։ Ժամանակին ավանդույթներ եղել են։ Հիմա ես գնում եմ հարկային տեսչություն, իրենց համար տարբերություն չկա, ես խանութ եմ աշխատեցնում, թե ուղղաթիռներ եմ մոդեռնիզացնում։ Պետական մակարդակով մեզ որևէ մոտեցում, ուշադրություն, առանձնացում կամ տարբերակված քաղաքականություն չի ցուցաբերվում։ Եվ ստիպված ես լինում ամեն մի պաշտոնյայի բացատրել, թե ինչու են մեր հարկերը մի քիչ այս կամ այն կողմ ընդհանուրից։ Մեզ նույն մոտեցումն են ցուցաբերում, ինչ պատուհանների լվացման ծառայություններ մատուցող ընկերությանը։ Արտադրությունը երկարատև ներդրումներ, ցածր տոկոսադրույքներ է պահանջում։ Էլ չեմ ասում, որ նախագծային մասում մի քանի բան նախագծում ես, գումարներ ես ծախսում, դրանցից ընդամենը 1-ը կարող է վերջում արդյունք տալ։ Պետք է դիտել երկարատև զարգացման մեջ։ Մեկ տարվա կտրվածքով ինչ-որ բան ծրագրելը զարգացման ստրատեգիայի մեջ չի կարող տեղավորվել։

-Ձեր հիմնական պատվերները Հայաստանի՞ց են, թե՞ դրսից։

- Թեև ՀՀ պաշտպանության նախարարության հետ էլ ենք աշխատում, սակայն եկամտի հիմնական աղբյուրները դրսից են եղել, որ կարողացել ենք մինչև հիմա գոյատևել։

-Ի՞նչն է դրսի սպառողին գրավում Հայաստանում, ինչո՞ւ են պատվերներ տալիս մեր մասնագետներին։
-Չէի ասի, թե մենք աշխարհին տվել անցել ենք, բայց շատ դեպքերում մեզ են նախընտրում։ Օրինակ, Հարավային Կորեայից մարդ կա, մեզանից լամպերի սնուցման աղբյուր է գնում։ Ես նրան խորհուրդ տվեցի գնալ Չինաստան, երկու անգամ ավելի էժան կկարողանա ձեռք բերել ամեն ինչ։ Այդ մարդը երևի փորձ ուներ, նախընտրեց հայկական թանկ տարբերակը՝ հաշվի առնելով որակական հատկանիշները։ Եթե Եվրոպայում  գներ, մեզանից երկու անգամ թանկ կվճարեր։ Այստեղ մենք միջանկյալ և շահավետ դիրքում ենք հայտնվել։

Դեպի uite.org