Դեմքեր

Գոռ Վարդանյան - «Ֆայմտեք» ընկերության հիմնադիր

12 մայ. 2016

«Ֆայմտեք»-ը ՏՀՏ ոլորտի ընկերություն է, որը հիմնականում մասնագիտացված է մեքենայական ուսուցման, պատկերների ճանաչման, կոմպիլյատորների և այլ ծրագրային ապահովման խնդիրներով։ Ընկերության հիմնադիր, գլխավոր ինժեներ Գոռ Վարդանյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, և ներկայումս դասավանդում է մեքենայական ուսուցում (machine learning) Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Գոռ Վարդանյանի հետ զրուցում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, զարգացման հեռանկարի և այլ հարցերի մասին։

-Ինչո՞ւ «Ֆայմտեք»։

-Երկար ենք մտածել՝ ինչ դնել մեր ընկերության անունը։ Երկու ամիս այդ թեման քննարկել ենք, վերջապես հանգել ենք այն կետին, որ մեր թիմի անդամներին և հարաբերություններին ամենահամապատասխանը հենց «Ֆայմտեք» անվանումն է, որի առաջին արմատը հայերեն «ֆայմ» բառն է։ Սա ազատ, սահմանափակումներ չունեցող ընկերություն է։ Օրինակ, մեզ մոտ անսահմանափակ արձակուրդ կա. աշխատողն ինքն է որոշում՝ երբ և ինչքան արձակուրդ վերցնի։ Բոլորը տանից աշխատելու հնարավորություն ունեն։

-Զարգացման ի՞նչ ծրագրեր ունեք։

-Շուտով մեր ամերիկյան գործընկերոջ հետ համատեղ կհիմնենք նոր ընկերություն, որը մարդու դիրքը որոշելու, կողմնորոշվելու խնդիր է լուծում այն տարածքներում, որտեղ GPS ազդանշանները հասանելի չեն (առևտրի կենտրոններ, օդանավակայաններ և այլն)։ Տեխնոլոգիան հիմնվում է բավականին էժան Bluetooth սարքերի վրա։ Դա աշխարհում շատ ինտենսիվ զարգացող ոլորտ է, սակայն ամբողջական և վերջնական լուծում դեռ չկա։ Սկսում ենք, իհարկե, Հայաստանից, բայց հիմնական նպատակն ամերիկյան, ռուսական և եվրոպական շուկաներում տեղ զբաղեցնելն է։ Այս ուղղությամբ ինտենսիվորեն աշխատում ենք մեր ամերիկյան և հայաստանյան գործընկերների հետ։

-Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները գրեթե միշտ քննադատաբար են խոսում կրթական համակարգի մասին՝ ընդգծելով, որ բուհերը չեն տրամադրում լավ կադրեր ՏՀՏ ոլորտի համար։ Դուք դասավանդում եք բուհում և ավելի մոտիկից եք շփվում ուսանողների հետ։ Ձեր կարծիքը՝ այդ հարցի վերաբերյալ։

-Դա իրոք այսօր համար մեկ խնդիրն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար։ Բայց պետք է ասեմ, որ այդ առումով որոշակի դրական միտում կա։ Եթե մի քանի տարի առաջ բուհի շրջանավարտը ոչ մի արդյունավետ գործ անել չէր կարող, հիմա ուսանողներ կան, որոնք առցանց դասընթացների միջոցով փորձում են բարձրացնել սեփական հմտությունները։ Մյուս կողմից համալսարանները նույնպես այս խնդիրը հասկանում են և փորձում են ինչ-որ կերպ համագործակցել մասնավոր սեկտորի հետ։ Այսօր շատ են երիտասարդ մասնագետները, որոնք իրենց գիտելիքները, փորձը փոխանցում են ուսանողներին։ Եթե այս միտումը շարունակվի ու զարգանա, ապա կամ համալսարանները ստիպված կլինեն տրամադրել համապատասխան որակի արդիական գիտելիքներ, կամ երիտասարդները համալսարան գնալու կարիք չեն ունենա։

-«Ֆայմտեք»-ում աշխատում են նաև ուսանողներ։ Ի՞նչ մոտեցում եք ցուցաբերում նրանց։

-Մեզ մոտ ընդունված սկզբունք է. աշխատանքը ոչ մեկին չպետք է շեղի իր կյանքի բնականոն հունից։ Ուսանողներին աշխատանքի վերցնում ենք միայն կես դրույքով։ Ես անձամբ եմ հետևում նրանց դասացուցակին, բոլոր դասերին նրանք պետք է հաճախեն և աշխատեն դասերից հետո։ Դա առաջնահերթություն է։   Փորձում եմ նաև գտնել ՏՀՏ ոլորտում անցկացվող սեմինարներ, համաժողովներ և ուսանողներին ուղարկել մասնակցելու այդ ծրագրերին։ Մեր նպատակը երիտասարդների հետ երկարաժամկետ համագործակցությունն է։

-«Ֆայմտեք» ընկերության անդամների ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների «Ականավոր» թիմը «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում վերջերս առաջին տեղն էզբաղեցրել։ Ինչո՞վ էր տարբերվում ձեր ներկայացրած ռոբոտը։

-Ասեմ, որ հիմնական գործն արել էին ուսանողները։ Մենք ուղղորդեցինք, որպեսզի թիմը պրոֆեսիոնալ կերպով մոտենար գործին։ Պատրաստել ենք թեստավորման համակարգեր, սիմուլյատոր, գրաֆիկական ինտերֆեյս, հեռակառավարման մեխանիզմներ։ Ընդ որում, մենք նշել ենք, որ մեր ծրագրերը կիսելու ենք նաև մյուս մասնակիցների հետ։ Բաց կոդով կտանք նաև մյուս թիմերին։ Եթե անհրաժեշտ լինի, սեմինարներ կկազմակերպենք վերջիններիս համար։ Արդեն պայմանավորվածություն ունենք  Կապանի և Գյումրիի 2-3 դպրոցներում՝ ռոբոտաշինության խմբակներում, մեր ռոբոտը ցուցադրելու, մեր փորձը փոխանցելու առումով։ Մենք խնդրին մոտեցել ենք որպես մեծ պրոյեկտի։ Ոչ թե ստեղծել ենք մի ռոբոտ, որը պետք է ուղղակի հաղթի մրցույթում, այլ աշխատել ենք ճիշտ այնպես, ինչպես կաշխատեինք մեր ցանկացած պատվիրատուի համար։

-Այսօր շատ է քննարկվում Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու հարցը։ ՏՏ ոլորտը ի՞նչ կարող է առաջարկել զինված ուժերին։ Եվ արդյոք պաշտպանության համակարգն ամբողջովին օգտագործո՞ւմ է հայաստանյան տեղեկատվական ոլորտի հնարավորությունները։

-Որոշակի համագործակցություն կա։ Կոնկրետ մեր ընկերության հետ համագործակցության եզրեր չեն եղել։ Բայց իմանալովոլ որտը՝ գրեթե համոզված եմ, որ աշխարհում ՏՏ բնագավառի հետ կապված ամեն ինչ շատ մեծ հավանականությամբ Հայաստանում կարող է կյանքի կոչվել։ Գուցե շատ բան պայմանավորված լինի գումարով. եթե շատ լուրջ ռոբոտ ենք ուզում պատրաստել, որը կարժենա 50 կամ 100 միլիոն դոլար, այլ խնդիր է, սակայն այսօր կան էժան լուծումներ, որոնք կարելի է արդյունավետորեն կիրառել։ Ռազմարդյունաբերությունը գերշահույթ առաջացնող ոլորտ է, և պարտադիր պետք է ներդրումներ արվեն այստեղ։ ՊՆ պահանջների համար դրսից մեծ ծավալով գնումներ են կատարվում, եթե հնարավոր լինի այդ գումարների գոնե մի մասը ներդնել մեր երկրում, ապա դա կխթանի ընկերությունների զարգացմանը, ինչպես նաև գումարներ կտնտեսի։ Պատերազմական օրերին մեր ընկերությունում ոչ ոք չէր կարողանում գործ անել, բոլորն ինձ ասում էին՝ ուզում ենք մի բանով օգտակար լինել բանակին, գոնե իմանանք մեր երկրի համար ենք գործանում։ Ու շատ մարդիկ նույնիսկ վարձատրությանմ ասին չէին խոսում։ Իհարկե, երկարաժամկետ կտրվածքով չի կարելի ակնկալել, որ մասնագետներն անվճար կաշխատեն, սակայն եղած ներուժը պետք է համակարգվի, վերահսկվի, և խնդիրների ձևակերպում արվի։

-Կոնկրետ «Ֆայմտեք»-ը ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ զինված ուժերին։

-Շատ բան։ Օրինակ, կարող ենք առաջարկել կամիկաձե ռոբոտ։ Բացի այդ, գիտենք, որ այսօր անօդաչու թռչող սարքերի ազդանշանները խլացվում են, և դրանք պետք է կարողանան կողմնորոշվել, խնդիրը կատարել և վերադառնալ՝ տեղանքը ճանաչելով։ Մեր ընկերությունը պատկերների ճանաչման հետ կապված բավականին մեծ փորձ ունի, զբաղվում ենք ամենաարդիական տեխնոլոգիաներով։ Կարող ենք պատկերների մշակում անել, որպեսզի այդ սարքերը GPS-ի, այլ ազդանշանների բացակայության պայմաններում հասկանան՝ որտեղ են գտնվում և ըստ այդմ կատարեն իրենց առջև դրված խնդիրն ու վայրէջք կատարեն ճիշտ վայրում։ Պատկերների ճանաչման հետ կապված ամեն գործ կարող ենք հետազոտել և արդյունքներ տալ։ Ես չեմ ասում, որ մենք այդ խնդիրները կլուծենք 2 ամսում, և այդ ծրագիրը կաշխատի՝ ինչպես իսրայելականը, սակայն համոզված եմ, որ կունենանք օգտակար արդյունք։

-ՏՏ ոլորտն այսօր փորձում են ապակենտրոնացնել՝ մայրաքաղաքից տանել նաև մարզեր։ Ձեր ընկերությունն այս առումով ի՞նչ ծրագրեր ունի։

-Մեր այս տարվա ծրագրում նախատեսում ենք մասնաճյուղ բացել Գյումրիում։ Մենք ունենք աշխատող ուսանողներ, որոնք Գյումրիից են, և նրանք պատրաստակամ են, այնտեղ մասնաճյուղ ունենալու դեպքում, տեղափոխվել իրենց ծննդավայր։ Կարծում եմ, որ ինժեներական լաբորատորիաները, որոնք բացվում են տարբեր համայնքներում, ապագայում անպայման տալու են իրենց արդյունքը, և ՏՀՏ ոլորտը մեծ զարգացում է ապրելու նաև մարզերում։

-ՏՀՏ ոլորտը տնտեսության մեջ առանձնանում է գրեթե ամեն ինչով՝ մտածելակերպով, աշխատանքային մշակույթով, փոխհարաբերություններով և այլն։ Ո՞րն է այս ամենի գրավականը, ո՞ր հատկանիշներն են, որ ոլորտում բերում են նման համախմբվածության և առաջընթացի։

-Մարդկանց մտածելակերպը, աշխարհայացքը, մշակույթը, կենսակերպը, երկրի նկատմամբ վերաբերմունքը. այս ամենը բերում է կոնսոլիդացիայի։ ՏՀՏ ոլորտի ընկերությունում առօրյա աշխատանքային հարաբերություններում հիմնականում չեք նկատի, թե ով է ղեկավարը, մի բան, որ այլ ոլորտների ընկերություններում չեք տեսնի։ Կարծում եմ, որ ոլորտի՝ հատկապես ինժեներական ճյուղի զարգացման գրավականը նաև այն ավանդույթներն են, որ մնացել են մեզ խորհրդային տարիներից։ 1990-ական թվականներին այս ճյուղը որոշակիորեն նահանջ ունեցավ, սակայն այսօր մեծ զարթոնք է ապրում։ Մարդիկ տնտեսագիտական համալսարանն են ավարտում, բայց վերամասնագիտանում, գալիս են ՏՀՏ ոլորտ։ Ակնհայտ է, որ այս ամենի հիմքում կա նաև գումարային խնդիրը, սակայն մարդիկ մեր բնագավառում տեսնում են հեռանկարներ, ստեղծագործական աշխատանք ևայլն։

-«Ֆայմտեք»-ը միացել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին։ Ի՞նչ եք փորձում անել դպրոցներում։

-Իսկզբանե որոշեցինք համագործակցել Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի հետ։ «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի նպատակն է աշակերտների շրջանում քարոզել ՏՀՏ ոլորտը։ Բայց պարզվեց, որ «Ֆոտոն»  վարժարանում քարոզելու կարիք չկա։ Ես գնացել էի, որպեսզի երեխաներին համոզեի ընտրել ինժեներական, տեխնոլոգիական մասնագիտություններ, բայց կես ժամ զրուցելուց հետո 8-9-րդ դասարանի երեխան պատկերների ճանաչման վերաբերյալ այնպիսի տեխնիկական հարց տվեց և իր ծրագրերը ներկայացրեց, որ պատկերացնելն անհնար էր։ Վերջերս գնացինք Կապանի թիվ 9 և 10 դպրոցներ, ծանոթացանք ինժեներական խմբակների հետ և խոսք տվեցինք, որ կվերադառնանք ու կներկայացնենք մեր ծրագրերը։ Մեր երեխաները լավն են, շատ ավելի լավը, քան մեր սերունդը։ Նրանք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն քան մենք, ու այդ ներուժն անպայման պետք է զարգացվի։

Դեպի uite.org