Դեմքեր

Արտաշես Թովմասյան - gg ընկերության համահիմնադիր-տնօրեն

13 ապր. 2016

Տեխնոլոգիաները և նորարար մոտեցումները լայնորեն սկսել են կիրառվել ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպասարկման։ gg-ն այդ նորարարություններից մեկն է։ Այն հեշտացրել է տաքսիներից օգտվող մարդկանց կյանքը, սպասարկման ոլորտում ներմուծել նոր մշակույթ։ gg-ն Հայաստանում փոխել է նաև ընկալումները տաքսի ծառայության վերաբերյալ։ Հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի համար: Մոբայլ հավելվածից բացի, գործում են նաև կայքով մեքենա պատվիրելու և ավանդական զանգի տարբերակները: 

gg ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանի հետ զրուցում ենք gg-ի, նրա բերած նորարարության վերաբերյալ։

-Պարոն Թովմասյան, ցանկացած ծրագրի, նախաձեռնության հիմքում որոշակի գաղափար է դրված։ Ո՞րն է gg-ու հիմքում դրված գաղափարը։

-gg-ն փորձում է կոտրել կարծրատիպերը տաքսու ոլորտի վերաբերյալ։ Ցանկանում ենք ընկերության միջոցով նպաստել մեր երկրի զարգացմանը։ gg-ն տաքսի ծառայություն չէ, այլ համակարգ, որտեղ կարող են գրանցվել վարորդներն ու հաճախորդները և փոխադրումներ իրականացնել: Շատ դեպքերում մենք մարդկանցից լսում ենք ոչ թե տաքսի պատվիրիր, այլ gg արա արտահայտությունը։ Սա նշանակում է, որ մեզ մոտ ստացվել է, թեև աշխատելու տեղ դեռ կա։

-Ովքե՞ր են հավելվածի հեղինակները։

-gg հավելվածը ստեղծվել է gg թիմի՝ երիտասարդ ծրագրավորողների կողմից։ Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հանրությանը ներկայացվել է տեղեկատվական ոլորտում հայկական հեղինակային արտադրանք: Մեր ընկերությունը գրանցված չէ արտասահմանում, գրասենյակը գտնվում է Երևանում, այնպես որ՝ gg-ն ամբողջովին հայկական պրոդուկտ է։

-Համակարգն ապրիլի 14-ին կլինի երկու տարեկան։ Երկու տարվա ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել։

-Սկզբնական շրջանում շատ դժվար էր։ Երբ որոշեցինք գաղափարը կյանքի կոչել, շուրջբոլորն ասում էին՝ դուրսը լիքը տաքսի է, շուկան հագեցած, ու դժվար կլինի մրցակցության մեջ մտնել։ Բայց կյանքը ցույց տվեց, որ մեր հայրենակիցները սիրում են նորամուծություններ։ Ի դեպ, այն, որ սպառողները սկսում են օգտվել նոր տեխնոլոգիաներից, զարգացման ցուցանիշ է։ Մեր թիմում այսօր աշխատում է մոտ 20 երիտասարդ, ունենք կայացած գաղափար, որը շատ մարկանց կողմից ընդունվել է որպես փոխադրամիջոց, բայց ոչ տաքսի։ Այսօր gg ասելով՝ մարդիկ այն չեն ընկալում որպես տաքսի ծառայություն։

-gg-ն վերածվել է բրենդի։ Հնարավո՞ր է՝ այն սպասարկման այլ ոլորտներ նույնպես մուտք գործի և այլ ծառայություններ մատուցի։

-Իրականում կա նման մտադրություն, սակայն նոր գաղափարները դեռ արմատավորված չեն։ Առայժմ զարգացնում ենք եղածը։ gg-ն այսօր արդեն գործում է հանրապետության մարզերում, Թբիլիսիում, առաջիկայում ծրագրում ենք մուտք գործել նաև երրորդ պետություն։ Ապագայում չի բացառվում, որ gg-ն սկսի առաքման ծառայություններ մատուցել։ Այլ ծրագրեր էլ կան, բայց առայժմ սահմանափակվում ենք այսքանով։

-Տաքսի ծառայության ոլորտը Հայաստանում շատ հագեցած է, gg-ն ինչո՞վ է կարողանում մրցունակ մնալ։

-Մրցունակության գրավականն ամենօրյա հետևողական աշխատանքն է։ Նախ՝ մենք առաջին հերթին շեշտը դնում ենք որակի վրա։ Մենք պահում ենք հետադարձ կապը հաճախորդների հետ։ Ցանկացած բողոք, դժգոհություն ուսումնասիրվում է և անմիջապես արձագանք ստանում։ Մեզ մոտ ծանոթ-բարեկամ-ընկեր շղթան չի գործում։ Ցանկացած մարդ, ով վատ է սպասարկում, դուրս է գալիս մեր համակարգից։ Հավանաբար դա զգացել են նաև հավելվածից օգտվողները, քանի որ մեր հաճախորդների թիվն օրեցօր ավելանում է։ Այսօր գրեթե բոլոր սմարթֆոն ունեցողներն իրենց հեռախոսներում ներբեռնել են gg հավելվածը։

-Հայաստանյան հանրությունը, մանավանդ վարորդները, այնքան էլ տեխնոլոգիական չէ։ Հատկապես սպասարկման ոլորտում մարդիկ սովոր չեն կիրառել տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաները։ Դա չի՞ դժվարացնում ձեր աշխատանքը։

-Երբ մենք սկսում էինք մեր գործունեությունը, վարորդների մոտ 90 տոկոսը չգիներ՝ սմարթֆոնն ինչ է կամ չուներ։ Բայց այսօր մարդիկ մեզ հետ համագործակցելու համար սմարթֆոն կամ պլանշետ են ձեռք բերում։ Սակայն մեկ այլ խնդիր կա. շուկայում քիչ են նման պրոդուկտիվություն ունեցող հավելվածները։ Այլ բան է, երբ սմարթֆոնով խաղ ես խաղում, մեկ այլ բան է, երբ այն որպես գործիք ես օգտագործում՝ կիրառելով առօրյայում, որոշակի խնդիր լուծելու համար։ Մեր շուկայում քիչ են հավելվածները, որոնք իրական օգուտ են տալիս սպառողին։ Մենք ցանկանում ենք մարդկանց մոտ արմատավորել այն գաղափարը, որ սմարթֆոնը միայն զանգելու կամ խաղ խաղալու համար չէ։ Փորձում ենք մարդկանց մոտ նոր մշակույթ ձևավորել, նրանց դարձնել ավելի տեղեկացված ու տեխնոլոգիական։

-Դուք նշեցիք, որ ձեր համակարգով մուտք եք գործել նաև Թբիլիսի։ Հետաքրքիր է՝ որտե՞ղ է ավելի հեշտ աշխատել՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Վրաստանում։

-Ընդամենը 1-2 ամիս է, ինչ մուտք ենք գործել թբիլիսյան շուկա։ Նախնական փուլում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես Երևանում էր։ Իրականում Թբիլիսին մեծ շուկա է, մոտ 30 տոկոսով մեծ է, քան Երևանը, սմարթֆոն ունեցողները շատ են, սակայն համացանցն այնտեղ մի փոքր ավելի թանկ է։ Այնտեղ էլ ծառայություններից օգտվելու մշակույթը փոխելու խնդիր կա։ Նպատակ ենք դրել հասնել նրան, որպեսզի տարածաշրջանում ունենանք թելադրող դիրք։ Վրաստանից հետո ծրագրում ենք մուտք գործել իրանական, ռուսական շուկաներ։

-Ես մի բան եմ նկատել. gg-ն ավելի գայթակղիչ, պատվաբեր է դարձրել տաքսու սպասարկման ոլորտում աշխատելը։

-Կա նման միտում։ Եթե նախկինում տաքսիստներն էին գալիս՝ մեզ մոտ գրանցվելու, հիմա արդեն գալիս են մարդիկ, որոնք ընդհանրապես տաքսի ծառայության հետ կապ չեն ունեցել, և եթե մեր հավելվածը չլիներ, նրանք չէին գա այս ոլորտ։ Մեզ մոտ գալիս են մարդիկ, որոնք պարզապես մեքենա ունեն։ Մենք դասական իմաստով տաքսի ծառայություն չենք՝ ո՜չ մեքենաներ ունենք, ո՜չ վարորդներ, ո՜չ էլ դիսպետչերական ծառայություն։ Մեզ մոտ պարզապես մոնիտորինգ է արվում առցանց աշխատող ծրագրային համակարգը, որպեսզի ամեն ինչ նորմալ ընթանա։ Այնպես ենք արել, որ մարդկային գործոնը տեղ չունենա աշխատանքում։ Հաճախորդները գնահատում են վարորդին, ձևավորվում է վարորդի աշխատանքի որակը ցույց տվող վարկանիշ, ինչի շնորհիվ նա ստանում է շատ կամ քիչ պատվեր։

-Երբեմն-երբեմն ես համացանցում նկատում եմ, որ gg-ն նաև բարեգործական ծրագրեր է կյանքի կոչում։ Մասնավորապես, մարդկանց տանում եք ծառայող իրենց զավակներին տեսության։

-Մենք Բանակի օրվա առթիվ ցանկացանք մեր հնարավորությունների չափով զինվորներին ու նրանց ընտանիքների անդամներին օգնել։ Նման ակցիաներ առաջիկայում նույնպես կլինեն։ Մենք ցանկանում ենք gg-ն դարձնել մեր երկրի լավագույն պրոյեկտներից մեկը, դրա համար այն պետք է նաև ժողովրդական լինի։ Իսկ որպեսզի ժողովրդական լինի, պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե անհատ մարդկանց։

-Հավելվածը գնելու ցանկություններ հայտնե՞լ են։

-Մեզ շատ են զանգում, խնդրում, որպեսզի վաճառենք, կրկնօրինակը տանք իրենց։ Նման դեպքում պատասխանում ենք՝ իսկ գուցե զանգեիք Ցուկենբերգի՞ն ասեիք՝ ֆեյսբուքը քոփի անի ու ձեզ տա։ gg-ն դարձել է մեր առօրյան, մենք այն չենք ստեղծել, որպեսզի վաճառենք։ Մենք ուզում ենք այն դարձնել մեծ պրոդուկտ։ Համակարգն անընդհատ կատարելագործման տեղ ունի։ Արդեն իսկ ծրագրավորման երկու տարվա պլան ունենք։ Որքան ծավալները մեծանում են, գործն ավելանում է։ 

Դեպի uite.org