Կրթություն

16-ամյա Վահե Ասլոյանն արդեն մի քանի խաղի հեղինակ է

24 հուլ. 2017

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սան 16-ամյա Վահե Ասլոյանն արդեն մի քանի խաղի հեղինակ է։

Նրա հերթական խաղը կոչվում է «Rising Hope»՝ «Ծագող հույս»։ Ըստ խաղի սցենարի՝ 2054 թվականին բժիշկները փորձել են քաղցկեղի դեմ դեղ արտահանել, բայց չի ստացվել։ Բնակչությունը վարակվել է այդ հիվանդությամբ, բացի մեկ միլիոն մարդուց, որոնց տեղափոխել են «Կալիստո» կոչվող տիեզերական կայան։ Հետագա իրադարձությունները զարգանում են «Կալիստոյում»։

 

Վահե Ասլոյանը, պատմելով իրենց նախագծի մասին, ասում է, որ խաղը պատրաստել է ընկերոջ՝ Էդուարդ Ամիրբեկյանի հետ։ Նախագծի վրա աշխատել են երկուսուկես տարի։ Առայժմ նախատեսում են խաղը պատրաստել համակարգիչներով խաղալու համար, հետագայում գուցե նաև՝ մոբայլ հարթակի համար։

 

 

Վահեն ասում է, որ մասնագետները ծանոթացել են խաղի նախնական տարբերակին և հավանության արժանացրել։ Այն վերջնական տեսքի բերելու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց հեղինակներն ամեն ինչ պետք է անեն՝ այն վերջնական տեսքի բերել այս սեպտեմբերին՝ ԴիջիԹեք ցուցահանդեսին ներկայացնելու համար։

«Rising Hope»-ը հեղինակի պատկերացմամբ և՛ ժամանցային, և՛ զարգացնող, և՛ ուսուցանող խաղ է։ Այն ունի հետաքրքիր սյուժե, մտածել է տալիս խաղացողին, ընգրկում է նաև գիտական փաստեր։ Մեծ ուշադրություն է դարձվել սյուժեին, որպեսզի այն հետաքրքիր լինի օգտվողների համար։

Վահե Ասլոյանը նշում է, որ մեկուկես տարի ծախսել է խաղի արհեստական բանականության վրա, և ըստ նրա՝ խաղի արհեստական բանականությունը համանման խաղերի համեմատ շատ լուրջ մակարդակի վրա է։  

Վահե Ասլոյանը 16 տարեկան է։ Հաճախում է ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այս տարի մասնակցել է նաև «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին: Խաղեր նախագծելու փորձեր ունի։ Մասնակցել է մրցույթների և հաղթել։ «ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթում նրա և ընկերոջ՝ Էդուարդի «After World» խաղը հաղթել է «Լավագույն դիզայն» անվանակարգում։

Բացի այդ, մեր զրուցակիցը հաղթանակ է գրանցել նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթի «Լավագույն խաղ» անվանակարգում։  

 

Դեպի uite.org