Կարծիք

ԴիջիԹեք բիզնես ֆորումում կներկայացվի ճամփորդողների հոգսերը թեթևացնող HelloSIM-ը

07 հունս. 2017

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացվելու է հայ ծրագրավորողների ստեղծած HelloSIM միջազգային SIM քարտն ու դրա հնարավորությունները։ Ստեղծվելով 2014 թվականին՝ HelloSim-ն առաջարկում է որակյալ և մատչելի կապ ավելի քան 200 երկրում։ Այն առաջարկում է հեռախոսազանգեր, ինտերնետ կապ, SMS հաղորդագրություններ և բջջային կապի այլ ծառայություններ։ Համեմատած միջազգային այլ SIM քարտերի՝ HelloSIM-ի տարիֆները բավականին մատչելի են։ Ընդ որում, մատչելիությունը չի անդրադառնում կապի որակի վրա։

HelloSIM-ն արդեն մեկ տարի է, ինչ ծառայություններ է մատուցում։ Հայաստանում և Վրաստանում քարտն ունի մոտ 5000 բաժանորդ։
HelloSIM-ի հիմնադիր Արմենակ Խաչատրյանը նկատում է, որ իրենք փորձում են անել հնարավորը, որպեսզի մարդիկ, լինելով տանից հեռու, կապի առումով կարողանան իրենց զգալ նույնքան հարմարավետ, որքան իրենց տանը։ Քարտի ամենամեծ հարմարավետությունն այն է, որ անկախ գտնվելու վայրից, այն գործում է։ Այն ավտոմատ կերպով միանում է տվյալ երկրի այն օպերատորին, որն ավելի մատչելի ծառայություններն է մատուցում։

Պրոդուկտի հեղինակները ԴիջիԹեք բիզնես ֆորումում ցանկություն ունեն HelloSIM-ը ներկայացնել բիզնես հասարակությանը, ցույց տալ առավելությունները և կարողանալ հիմնավորել, թե որքանով մարդկանց հարմարավետ կլինի, եթե այս քարտերը նրանք օգտագործեն իրենց բիզնես ճամփորդությունների կամ ուղղակի արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Սա բավականին հեշտացնում է ճամփորդողների գործը և թույլ տալիս կենտրոնանալ ուղևորության վրա ու ավելորդ ժամանակ, նյարդեր չծախսել շարժական կապի կամ ռոումինգի վրա։

Հիշեցնենք, որ 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 9-10-ը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այս տարի Բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են՝ Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում, ՏՏ ներդրումային համակարգ, վերականգնվող էներգիա և բնապահպանություն, տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ, պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ, մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ, ՏՏ և տուրիզմ։

Դեպի uite.org