Կարծիք

Միջազգային հարթակում ինտերակտիվ թվային հրատարակչության առաջատարներից Joomag-ը՝ ԴիջիԹեքում

28 սեպ. 2016

ԴիջիԹեք-2016 ցուցահանդեսին ներկայացված է լինելու Joomag ընկերությունը։ Այն միջազգային հարթակում ինտերակտիվ թվային հրատարակչության առաջատարներից է: Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին և կարճ ժամանակում հասել է մեծ հաջողության:

Ինչպես նշում է Joomag-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գծով ռեգիոնալ տնօրեն Տիգրան Բադալյանը, իրենք թույլ են տալիս ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, ֆոտոալբոմներ, էլեկտրոնային գրքեր, և հետևել դրանց. «Մեր գործիքներով նաև կարող եք ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել արդեն ունեցած նյութը: Օրինակ՝ ներբեռնելով պարբերականը մեզ մոտ՝ հնարավորություն են ունենում օնլայն խմբագրիչի միջոցով հարստացնել այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիա, տեսադարան ստեղծելով, հղումներ տեղադրելով և այլն»:

Joomag-ը ԴիջիԹեք-ին մասնակցել է նաև 2015 թվականին։ Տպավորությունները բարձր են. «Այն, ինչ տեսանք՝ կազմակերպվածություն, պրոֆեսիոնալ մոտեցում ընկերությունների ներկայացուցիչների կողմից, մոտիվացված ու ոգևորված երիտասարդներ, ամենուր ինովացիա և էնտուզիազմ. սա իսկական թարմություն էր և՛ ընկերությունների, և՛ պարզապես մասնակիցների համար»։

Տիգրան Բադալյանը նկատում է, որ ԴիջիԹեքը նախևառաջ արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի ուղիղ երկխոսության համար: Եթե նման երկխոսությունը կրի շարունակական և երկարատև բնույթ, մենք կկարողանանք ինովացիաները հեշտությամբ ադապտացնել և հասնել մեծ հաջողությունների ու առաջխաղացման ընդհանուր տնտեսության մեջ։

«Ես կարևորում եմ նաև ԴիջիԹեքի ներդրումը Հայաստանում ՏՏ կրթական ոլորտի մեջ։ Զարգացած և կառուցվածքային կրթական ենթակառուցվածքի պակասն ամենամեծ մարտահրավերն է ՏՏ ոլորտում, որն էլ իր հերթին հանգեցնում է որակյալ մասնագետների սղությանը։ Այնուամենայնիվ, հայ երիտասարդները շատ տաղանդավոր են, վերջիններիս պարզապես «տարածք» է պետք ինքնադրսևորման և սեփական ներուժն իրացնելու համար։ Բոլոր այն նախաձեռնություններին զուգահեռ, որ UITE-ն իրականացնում է կրթական ոլորտում, Digitec-ը ևս հանդիսանում է հենց այդ «տարածքը» հայ երիտասարդի համար. այստեղ նա կարող է հանդիպել ՏՏ մեգաընկերությունների ներկայացուցիչների և հնարավորություն ստանալ հետագա համագործակցության»,- նշում է մեր զրուցակիցը։

ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ հաճախելիություն ունեցող էքսպոն է, հանրությունն էլ մեծապես հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաներով։

Ըստ պարոն Բադալյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաները կրում են այն գործիքները, որոնք թույլ են տալիս մարդկանց կառուցելու սոցիալ և բիզնես կապեր, կիսել ինֆորմացիա և համագործակցել։ Սա է պատճառը, որ հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաներով բավական մեծ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Հայաստանի յուրահատկությունն միայն այն է, որ նման որակի և կարգի էքսպոները որոշակիորեն թարմություն են և դուրս են մինչև հիմա դրված ստանդարտներից։ Սա գերհզոր ալիք է, ու տարեցտարի ավելի ընգրկուն կդառնա։

Տիգրան Բադալյանը, խոսելով Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հեռանկարի մասին, նկատում է, որ ՏՏ ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող սեկտորներից մեկը և պարզապես «վազում է» վերջին տարիներին օրեցօր ավելացող ստարտափերին զուգահեռ. «Վերջին տվյալներով, եթե չեմ սխալվում, ոլորտում աշխատում են 15000 կամ ավելի տաղանդավոր մարդիկ, որոնցից 13000-ը ծրագրավորողներ են և այլ տեխնիկական մասնագետներ։ UITE-ի ձեռնարկմամբ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում է անցկացնելու. արդեն իսկ կարևորագույն ձեռքբերում է մեզ համար, քանի որ աշխարհի գրեթե 2000 առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են Հայաստան։ Ապագան՝ Հայաստանի ընդունումն է որպես առաջատար երկիր ՏՏ ոլորտում և մեր դիրքավորումը ՏՏ քարտեզի վրա»։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Դեպի uite.org