Կարծիք

Նոր սերնդի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրները ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում

13 հունս. 2016

Monitis ընկերությունը մասնակցելու է հունիսի 17-18-ը կայանալիք ԴիջիԹեք բիզնես ֆորումին։ 2006թ. Հայաստանում ստեղծված ընկերության հաճախորդներն աշխարհի տարբեր երկրներից են։ Monitis-ը տրամադրում է մոնիտորինգային ծառայություններ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումում անցկացվող Նոր սերնդի ֆինանսաբանկային համակարգի վերաբերյալ մասնագիական քննարկման գործընկեր՝ Monitis-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշում է, որ իրենք վաղուց են անդամակցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, և միշտ պատրաստակամ են մասնակցելու ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին։ «Թեև ԴիջիԹեք բիզնես ֆորումն ավելի շատ ուղղված է ներքին շուկային, սակայն մենք ուզում ենք՝ մեր ծառայությունները հայտնի լինեն, և մեր նորությունները փոխանցենք ինչպես հայաստանյան շուկայի մեր գործընկերներին, այնպես էլ դրսին։ Մեզ համար կարևոր է նաև տեսնել, թե ինչ լուծումներ կան»։

Ինչո՞ւ բիզնես այլ ոլորտներ ամբողջովին չեն օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Րաֆֆի Քասարջյանը կարծում է, որ մարդիկ սովորություն ունեն աշխատելու այն գործիքներով, մեթոդներով, որոնք իրենց համար հարազատ և ծանոթ են, մինչև գործընկերները նրանց չեն ներկայացնում կամ պահանջում բարելավում, ինչի համար իրենք պետք է ներդրումներ անեն ՏՏ ոլորտում։ Բանկային համակարգը մեծ առաջընթաց ունեցավ վերջին տարիների ընթացքում, բայց դա շուկայի պահանջն էր, բացի այդ՝ մրցակցությունը շատ մեծ էր։

Մեր զրուցակիցը նշում է նաև, որ ժամանակի ընթացքում նոր սերնդի հետ բիզնեսում ավելի ու ավելի շատ կսկսեն կիրառել նորագույն տեխնոլոգիաները։ Իսկ ԴիջիԹեք բիզնես ֆորումը ՏՏ-բիզնեսի այլ ճյուղեր կապն է փորձում ստեղծել ու ամրապնդել։ Monitis-ի գործադիր տնօրենը նաև նկատում է, որ ՏՏ և այլ ճյուղերի համագործակցությունը պետք է լինի տարբեր ձևաչափերով։

B2B (բիզնեսը՝ բիզնեսի համար) ֆորմատի ԴիջիԹեք ֆորումի հիմնական այցելուները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն: ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թվականից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  կողմից:

Դեպի uite.org